• Sun. May 5th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՀԷՑ-ի պարտատոմսերը ցուցակվելու են Հայաստանի ֆոնդային բորսայի Abond ցուցակում

ByEditor

Apr 2, 2024

Մարտի 22-ին Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը ստորագրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի արժեկտրոնային պարտատոմսերի ցուցակման որոշումը, համաձայն որի՝ ընկերության պարտատոմսերը մարտի 27-ից կընդգրկվեն Հայաստանի ֆոնդային բորսայի պարտատոմսերի հիմանական (Abond) ցուցակ եւ կթույլատրվեն դրանցով հասցեական առեւտուրը եւ Ռեպո գործարքների կնքումը։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն ցուցակելու է 32 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր անվանական ծավալով, 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 320,000 պարտատոմս։ Թողարկված պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 11.40%, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Ցուցակված պարտատոմսերի մասին կարող եք իմանալ ավելին՝ անցնելով հղումով։

Տեղաբաշխումը իրականացվել է «Ամերիաբանկ» ՓԲԸ կողմից 2023թ․ դեկտեմբերի 11-ից մինչեւ 2024թ․ փետրվարի 9-ը ընկած ժամանակահատվածում։ Թողարկվել են ընդհանուր 32 մլրդ ՀՀ դրամ արժողությամբ պարտատոմսեր, որոնք ամբողջությամբ տեղաբաշխվել են։

Սա հայկական կապիտալի շուկայում կորպորատիվ պարտատոմսերի ամենախոշոր տեղաբաշխումն է` 32 միլիարդ դրամ ընդհանուր ծավալով:

Պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքում ներգրավված միջոցները ուղղվելու են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի վարկային պարտավորությունների վերաֆինանսավորմանը, ինչպես նաեւ ներդրումային ծրագրի շարունակականության ապահովմանը, որն ուղղված է էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցմանը, բաշխիչ ցանցի ընդլայնմանը, գործառնական ծախսերի նվազեցմանը, սպասարկման որակի բարձրացմանը, նոր բաժանորդների միացմանը ցանցին, էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգերի արդիականացմանը:

«Այս իրադարձությունը կարեւոր է երկու պատճառով. առաջին, որ սա պարտատոմսերի ամենախոշոր թողարկումն է Հայաստանում, ինչը վկայում է Հայաստանի կապիտալի շուկայի կայունության եւ դրա հանդեպ վստահության մասին, եւ երկրորդ, որ սա եւս մեկ անգամ նպաստելու եւ օրինակ է ծառայելու այլ ընկերությունների համար, որոնք հետագայում կցանկանան թողարկում անել եւ ներդրումներ ներգրավել ընկերության հետագա զարգացումը ապահովելու համար։ Հուսանք, որ ներդրողների կողմից հետաքրքրությունը մեծ կլինի, եւ պարտատոմսերը արագ կիրացվեն: Դա կձեւավորի դրական միտում Հայաստանի ֆինանսական շուկայում՝ ցույց տալով, որ ցուցակվող ընկերությունները կարող են լինել տարբեր ոլորտներից։ Սա նաեւ գրավիչ ազդակ է օտարերկրյա ներդրողների համար», – նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:

Լուսանկարը՝ Հայաստանի ֆոնդային բորսա
Լուսանկարը՝ Հայաստանի ֆոնդային բորսա

«Կարծում եմ՝ այսօր պարտատոմսերը պահանջված եւ բարձր եկամտաբեր ֆինանսական գործիքներ են, ապահով են եւ ունեն մի շարք առավելություններ, ինչպես օրինակ՝ անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ, ՀՀ Ֆոնդային Բորսայում ցուցակված պարտատոմսերից ստացված եկամուտները ազատվում են եկամտային հարկից եւ ոչ ռեզիդենտի շահութահարկից՝ ապահովելով ավելի բարձր եկամտաբերություն: Ուրախ եմ, որ ի դեմս «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության այսօր ունենք պարտատոմսերի թողարկման ու տեղաբաշխման լավ փորձ», – նշում է ՀԷՑ Էկոնոմիկայի եւ ֆինանսների տնօրեն Արմեն Արշակյանը:

Լուսանկարը՝ Հայաստանի ֆոնդային բորսա
Լուսանկարը՝ Հայաստանի ֆոնդային բորսա

«Ամերիաբանկը մեր երկրում պատմականորեն իրականացրել է կորպորատիվ պարտատոմսերի խոշորագույն տեղաբաշխումները, որոնց շարքին այս տարի ավելացավ նաեւ ՀԷՑ-ի դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը։ Հայաստանի ֆոնդային բորսայում ՀԷՑ-ի պարտատոմսերի ցուցակումը տեղաբաշխման հաջող գործընթացի տրամաբանական շարունակությունն է: Վստահ ենք, որ ակտիվ երկրորդային շուկան էլ ավելի կբարելավի մեր երկրի ներդրումային միջավայրը»,- նշում է Ամերիաբանկի Ներդրումային բանկինգի գծով տնօրեն Առնո Մոսիկյանը: