• Mon. May 20th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Փոփոխություններ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու տուգանքներում

ByEditor

Mar 1, 2024

ՆԳՆ-ից հայտնում են, որ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի և կից օրինագծերի փաթեթը։

Նախագծերի փաթեթն Ազգային ժողովում ներկայացրել է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Փոփոխություններով նախատեսվում է․

• քաղաքացու կողմից տրանսպորտային միջոցի կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելու (երկրորդ գիծ կանգնեցնելու) դեպքում գործող 0.5 տուգանային միավորը կնվազի՝ դառնալով 0.25 տուգանային միավոր։

• Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումներով կայացված որոշումներն էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում քաղաքացիների համար վճարման ենթակա տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսի չափով (փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2024 թ. մայիսի 1-ից):

• Անկախ էլեկտրոնային ծանուցումից, համապատասխան որոշումը քաղաքացուն հանձնվելու (ծանուցվելու) օրվանից 15-օրյա ժամկետում քաղաքացու կողմից տուգանքը վճարելու դեպքում նախատեսվել է տուգանքի գումարը 30%-ով պակաս վճարելու հնարավորություն (փոփոխությունն ուժի մեջ կմտնի օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը)։

• Մինչ օրենքն ուժի մեջ մտնելը կատարված իրավախախտումների մասով ևս նախատեսված է համահարթեցման որոշակի կառուցակարգ. քաղաքացու կողմից տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում (որոշումը հարկադիր կատարման փուլում գտնվելու դեպքում՝ նաև կատարողական ծախսը) այն կհամարվի ամբողջությամբ կատարված (փոփոխությունը կկիրառվի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսվա ընթացքում)։

• Ապակիների լուսաթափանցելիության չափերի խախտման դեպքում, եթե արարքը 1 տարվա ընթացքում կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, ապա նախատեսվում է տուգանք նվազագույն աշխատավարձի 29-ապատիկի չափով և տուգանային միավորի կիրառում՝ 2 միավոր։

• ՀՀ ՆԳՆ ոստիկանության վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով բողոքարկվելուց հետո։ Փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2024թ․ հուլիսի 1-ից։

• Վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը թոթափելու նպատակով ՀՀ ՆԳՆ ոստիկանության դեմ ներկայացվող հայցադիմումների քննությունը՝ անկախ ներկայացված հայցատեսակից, կիրականացվի գրավոր ընթացակարգով (փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2024թ․ հուլիսի 1-ից)։

Արփինե Սարգսյանը նշել է. «Ցանկանում եմ հորդորել մեր բոլոր քաղաքացիներին՝ այս օրենսդրական փաթեթն օգտագործել բառի և նախագծի տրամաբանության ամենադրական իմաստով և չբերել պրակտիկայում հնարավոր բացասական հետևանքների և ճանապարհային երթևեկության կանոնների էական խախտումների»։

Իրենց ելույթներում պատգամավորները ողջունել են փոփոխությունները՝ նշելով, որ դրանք միտված են ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը և մեր քաղաքացիների՝ ավելի օրինապահ վարքագծի դրսևորմանը: