• Mon. May 20th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Միլիարդների կորուստ․ Apple-ը հրաժարվում է էլեկտրական մեքենաներ արտադրելու նախագծից

ByEditor

Mar 1, 2024

Փետրվարի 27-ին Apple-ի Special Projects Group ընկերությունը, որը տարիներ շարունակ աշխատում էր էլեկտրական մեքենաների արտադրություն սկսելու նախագծի շուրջ, գրեթե 2000 աշխատակիցների հայտնել է նախագծի փակվելու լուրը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Գործակալության զրուցակիցները հայտնել են, որ որոշման պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել գլխավոր օպերացիոն տնօրեն Ջեֆ Ուիլյամսը և նախագծի պատասխանատու փոխնախագահ Քևին Լինչը։

Ըստ աղբյուրի՝ ընկերության ղեկավարությունը կասկածում էր, որ էլեկտրական մեքենաների արտադրությունը կարող է չապահովել ակնկալվող շահույթի այն չափը, որ, սովորաբար, Apple-ը ստանում է իր արտադրանքից։

Վերջին հինգ տարիների ընթացքում ընկերությունը 113 միլիարդ դոլար է ծախսել այս նախագծի շրջանակում արված հետազոտությունների վրա։

Ընկերությունը նախկինում էլ է նման նախադեպեր ունեցել, օրինակ՝ հրաժարվել է հեռուստացույցների արտադրությունից: Բայց ոչ մի նախագիծ չի տևել այսքան երկար (շուրջ 10 տարի)՝ ներգրավելով մեծ քանակի աշխատակիցների կամ ծախսելով միլիարդավոր դոլարներ։