• Mon. May 20th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ինստիտուցիոնալ լռություն եւ ֆեյսբուքյան «ապստամբություն»

ByEditor

Jan 2, 2024

Տարին անցավ: Դեկտեմբերի 31-ին բռնատեղահանված 150 հազար մարդու շնորհավորանքի միակ խոսքը «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանն ասաց: Արցախի նախագահը եւ Ազգային ժողովը լռեցին: ԻՆստիտուցիոնալ լռության ֆոնին սոցիալական մեդիան հեղեղված է արցախցիների եւ Արցախի մասին գրառումներով: Դժգոհ են հրավառությունից, Փաշինյանի ուղերձից, բողոքում են, որ Ամենայն հայոց կաթողիկոսին «արգելել են հանրայինով ելույթ ունենա»:

Ո՞վ, ե՞րբ, ինչպե՞ս է հաղթահարելու այս ճակատագրական խորթացումը, որ վաղը, կասկածել պետք չէ, Հայաստանի թերեւս ամենալուրջ սպառնալիք է լինելու: Ինչպես կար շուրջ երեք տարի, դրսեւորվում էր մամուլում, հեռուստատեսությամբ, սոցցանցային քարոզչությամբ, բայց քաղաքական տիրույթում այդպես էլ չքննարկվեց, չգնահատվեց: Հակաթույն չգտնվեց: Ինչու՞:

Քաղաքակիրթ, բովանդակային, իրավիճակից թելադրվող երկխոսության հնարավորություններն սպառվա՞ծ էին, թե այդպես էլ պիտի լիներ՝ Ստեփանակերտում տեղի ունենար իշխանափոխություն, հետեւեր Ալիեւի ահաբեկչական պատերազմը, եւ Արցախը հայաթափվե՞ր: Դա լուծու՞մ է. «Եթե Հայաստանում ադրբեջանցի չի ապրում, Ադրբեջանում էլ հայ չպիտի՞ ապրի»: Բաքվում միշտ այդպես են ասել:

Դեկտեմբերի 31-ը ադրբեջանցիների «համաշխարհային համերաշխության» օրն է: 1989թ. դեկտեմբերի 31-ին խորհրդա-իրանական պետական սահմանը Նախիջեւանից մինչեւ Լենքորան ավերվել է, հարյուր հազարավոր մարդիկ ադրբեջանական եւ իրանական կողմից լցվել են Արաքսի ջրերը եւ «մկրտվել»: Դա պետականորեն արտոնված ըմբոստություն էր՝ ԽՍՀՄ եւ Իրանի միջեւ պայմանավորված ակցիա: Ամանորի գիշերն Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «զգուշացրել է Հայաստանի թիկունքին կանգնած արեւմտյան երկրներին»:

Խաղաղության, հաշտության, հարաբերությունների կարգավորման մասին նա ոչ մի խոսք չի ասել: Անոնսավորել է, որ այս տարի ադրբեջանցիները Ստեփանակերտում «կվերադառնան իրենց տները»: Սա համաձայնեցվա՞ծ ծրագիր է: Իսրայելական հեռուստաալիքներից մեկի տեղեկացվածությամբ՝ Նեթանյահուն Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բլերին խնդրել է, որ Գազայի հատվածից «կամավոր տեղահանվել ցանկացողների» համար եվրոպական երկրներում ապաստան փնտրի: Բլերի գրասենյակն այդ տեղեկությունը հերքել է, բայց միամտություն կլիներ պատկերացնել, որ հրապարակային եւ անդրկուլիսյան դիսկուրսը նույնական են:

Արցախի իշխանությունների կամ նրանից մնացած սուբյեկտների ինստիտուցիոնալ լռությունը Հայաստանը վտանգի չմատնելու՞, թե հրապարակման ոչ ենթակա պայմանավորվածություններից հետեւող պարտավորվածությու՞ն է: Անկասակած է, որ Ալիեւն այս տարի առնվազն Ստեփանակերտի Կրկժան թաղամասը վերաբնակեցնելու է, «սեպտեմբերին Ղարաբաղի համալսրանում» ընդունելություն է կազմակերպվելու, ձեւավորվելուէ Մարտակերտի, Ասկերանի եւ Մարտունու շրջանային իշխանություն:

Եթե սեպտեմբերի 20-ին որոշվել է, որ Արցախից ելքը անվերադարձ է, այդպես էլ պետք է ասվի: Դա առաջին հերթին բռնատեղահանվածներիս է պետք: Մարդիկ պետք է որոշում ընդունեն՝ ադապտացվու՞մ են Հայաստանի պայմանններին, անհատական վերադարձի քա՞յլ են անում, թե՞ բռնում են վերջնական հայրենազրկման ճանապարհը: Խուլ, սոցիալական ցանցերում դրսեւորվող դժգոհությունը մի օր կարող է «պայթել» Երեւանի կենտրոնում: