• Mon. May 20th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Բրիտանական առյուծը «ցատկում է» Կենտրոնական Ասիա. Հայկական «խաղաղության խաչմերուկը» կաշխատի՞

ByEditor

Jan 1, 2024

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի արտաքին գործերի Կոմիտեն հրապարակել է զեկույց, որ կազմվել է դեռևս հոկտեմբերին և հասցեագրված է կառավարությանը: Այն նվիրված է Կենտրոնական Ասիային և այդ կարևորագույն տարածաշրջանում Միացյալ թագավորության շահերին: Կոմիտեն մի քանի խորհրդատվական առաջարկություններ է ներկայացրել կառավարությանը:

Դիվանագիտական աղբյուրներից մամուլին հայտնի է դարձել, որ կառավարությունը հավանություն է տվել 5+1 ձևաչափով Կենտրոնական Ասիա-Մեծ Բրիտանիա երկխոսություն սկսելու առաջարկությանը: Նախնական պայմանավորվածությամբ Կենտրոնական Ասիայի հինգ երկրների առաջնորդների և Մեծ Բրիտանիայի վարչապետի գագաթնաժողովը նախատեսվում է կազմակերպել Լոնդոնում՝ գալիք տարվա ընթացքում:

Այս առթիվ ռուսաստանյան Независимая газата-ի վերլուծականը հակիրճ ձևակերպում է, որ «Մեծ Բրիտանիան վերադառնում է Ասիա»: Ընդ որում՝ արձանագրվում է, որ իշխանափոխությունից հետո Լոնդոնի և Աստանայի միջև լարվածություն է առաջացել՝ կապված Ղազախստանի նախկին նախագահի, նրա ընտանիքի անդամների և մերձավոր շրջապատի մի քանի անձանց Մեծ Բրիտանիայում ունեցած բանկային հաշիվների, անշարժ գույքերի օրինականության շուրջ տարաձայնությունների հետ: Խոսքը միլիարդավոր դոլարների մասին է, որ Աստանան պահանջում է բռնագանձել և վերադարձնել Ղազախստանի կառավարությանը: Նման խնդիրներ ունի նաև Բիշքեկը:

Որքանո՞վ կարող են հարթվել այդ տարաձայնությունները, այլ հարց է: Ավելի էական է, որ Կենտրոնական Ասիա-Մեծ Բրիտանիա երկխոսության հավանական մեկնարկի մասին տեղեկատվությունը հրապարակայնացվում է Ղազախստան և Ուզբեկստան Ֆրանսիայի նախագահի այցից, Աստանայում Թուրքական պետությունների կազմակերպության և Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսության ՄԱԿ-ի Ծրագրի Բաքվի գագաթնաժողովից հետո, որտեղ ընդունվել է Կենտրոնական Ասիա-Եվրամիություն հաղորդակցության լոգիստիկայի արդիականացման ճանապարհային քարտեզ: Ըստ էության՝ խոսքը նավահանգիստների և Բաքու-Կարս երկաթուղու արդիականացման, թողունակության մեծացման մասին է:

Մեծ Բրիտանիան ի՞նչ է առաջարկում Կենտրոնական Ասիայի երկրներին, հարցի մի կողմն է: Ավելի սկզբունքային է Լոնդոն-Կենտրոնական Ասիա հաղորդակցության լոգիստիկայի խնդիրը: Լոնդոնը միանալու է Բաքվի գագաթնաժողովում համաձայնեցված ճանապարհային քարտեզի՞ն, քննարկումներ է անցկացնելու Ռուսաստանի հե՞տ, թե՞ ընտրելու է Ասիա վերադարձի հարավային երթուղի՞ն: Հարցը կարևոր է նրանով, որ մեկնարկել է հայ-բրիտանական համագործակցության երկխոսությունը: Միաժամանակ հայտնի է դարձել, որ եկող տարի Հայաստան կայցելի Ղազախստանի նախագահը:

Անկախությունից ի վեր Կենտրոնական Ասիայի հատկապես թուրքախոս երկրների հետ Հայաստանի հարաբերությունները, մեղմ ասած, սառն են եղել, ինչը թույլ է տվել Ադրբեջանին նույնիսկ բաց տեքստով հայտարարել, որ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում Բաքուն ավելի շատ դաշնակիցներ ունի, քան Երևանը: Ղազախստանի նախագահը Հայաստան այցի հրավերն ընդունել է երկկողմ հարաբերությունների բարենորոգման համատեքստո՞ւմ, թե՞ դրանով խորհրդանշվում է Կենտրոնական Ասիա-Հայաստան առանցքային նշանակության երկխոսություն՝ հնարավոր համագործակցության հեռանկարով:

Եթե առկա է երկրորդ տարբերակի հավանականություն, ապա Հայաստանը ո՞ր դեպքում կարող է գործընկեր լինել՝ Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Եվրամիություն, թե՞ Մեծ Բրիտանիա-Կենտրոնական Ասիա լոգիստիկայի՞: Ոչ պակաս կարևոր է, իհարկե, հենց Հայաստան-Ղազախստան առևտրա-տնտեսական կապի կոմունիկացիոն բաղադրիչը: Երկու երկրներն էլ ԵԱՏՄ անդամ են, բայց դեպի Ղազախստան Հայաստանն ունի ցամաքային մեկ ոչ այնքան հուսալի՝ Վրաստանով և Ռուսաստանով միջնորդավորված ճանապարհ, երկրորդը կարող է ապահովել Ադրբեջանը, իսկ դա պայմանավորված է Ադրբեջան-Նախիջևան հաղորդակցությամբ:

Մեծ Բրիտանիան Ադրբեջանի տնտեսության հովանավորն է արդեն ավելի քան քառորդ դար: Իլհամ Ալիևը պաշտոնապես հռչակել է նավթային գործոնից տնտեսական կախվածությունը հաղթահարելու նպատակ: Կասպից ծովի ադրբեջանական հատվածում նավթի պաշարներն անսպառ չեն: Փորձագետներից շատերը համարում են, որ ևս երկու-երեք տասնամյակներ կա ծավալներով արդյունահանման դեպքում 2050-60-ական թվականներին BP-ն Ադրբեջանում «այլևս հետաքրքրություն չի ունենա»: Լոնդոնը ծարագրում է Կենտրոնական Ասիայում նոր նավթա-գազային կոնսորցիու՞մ ստեղծել, թե «վերադառնում է Ասիա»՝ վերահսկելու Աֆղանստա՞նը:

Ռուսաստանը, կարծես, չկարողացավ կամ չցանկացավ Աֆղանստանից ԱՄՆ հեռանալու հնարավորությունն օգտագործել և լիովին վերահսկել Կենտրոնական Ասիան: Թուրքիայի հավակնությունները զսպվում են, իսկ Չինաստանը՝ «ուշանում»: Դեպի Կենտրոնական Ասիա բրիտանական առյուծի ցատկը ԱՄՆ-Չինաստան «մրցակցենք, բայց չհակամարտենք» պայմանավորվածության շրջանակի՞ց է: Դա կարո՞ղ է Հայաստանի համար աշխարհաքաղաքական մեկուսացվածությունը որոշակիորեն հաղթահարելու հնարավորություն լինել: Հայկական խաղաղության խաչմերուկը կաշխատի՞: