• Wed. May 8th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ի՞նչ է փնտրում ՌԴ վարչապետը ՇՀԿ-ում. Որքանով է իրագործելի ռեգիոնալ անկախ վճարահաշվարկային համակարգի ստեղծումը

ByEditor

Oct 31, 2023

Ռուսաստանի նախագահի այն պնդումները, թե Հավաքական Արևմուտքի կողմից դրված պատճամիջոցները ոչ միայն չեն վատթարացնում ռուսական տնտեսության վիճակը, այլ մի բան էլ խթանում են տնտեսության զարգացումը նոր ճանապարհով, ընդհանուր առմամբ, հայտարարություն է ներքին օգտագործման համար։

Ռուսաստանը ամեն կերպ փորձում է թեթևացնել արևմտյան պատժամիջոցների բեռը։ Մի դեպքում ստացվում է, մյուս դեպքում՝ ոչ այնքան։ Ռուսաստանը մտերմացել է աշխարհի ամենադաժան ռեժիմների հետ՝ հույս ունենալով լուծել օրեցօր աճող ճնշումը ՌԴ տնտեսության վրա։ Ռուսաստանը պետք է լավ հիշի, որ որքան ձգձվի ուկրաինական ճգնաժամը, այնքան իրավիճակը տնտեսությունում մտնելու է նոր փակուղիներ։

Սեփական տնտեսությունը ջրի երեսին պահելու համար ՌԴ-ն համագործակցության եզրեր է փնտրում տարբեր կազմակերպություններում։ Այս անգամ հերթը հասել է ՇՀԿ-ին՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը։ Անդամակցող երկրներից զատ, մի քանի երկրներ ներգրավված են որպես այս կազմակերպության դիտորդներ կամ գործընկերներ, այդ թվում և Հայաստանը:

ՇՀԿ-ն հիմնականում չինական բազմաթիվ նախագծերից մեկն է, որը թույլ է տալու տարածել սեփական ազդեցությունը անդամ երկրների վրա։ Եվ ահա, այս կազմակերպության անդամ պետությունների վարչապետերի հանդիպման ժամանակ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն առաջարկել է ստեղծել ռեգիոնալ անկախ վճարահաշվարկային համակարգ և ապահովել ազգային արժույթների փոխարկումը ազգային բորսաներում։

Այս առաջարկը ռուսական իշխանությունների հերթական քայլն է դոլարից ազատվելու և միևնույն ժամանակ այլ արտարժույթներ ձեռք բերելու ուղղությամբ։ Ցավոք, այս առաջարկը շատ բարդ կլինի կյանքի կոչել, գոնե մոտակա ժամանակներում դժվար թե իրագործելի լինի։

Նկատենք, որ ՇՀԿ անդամներից դեմոկրատական է միայն Հնդկաստանը։ Մյուսները հիմնականում ավտորիտար կամ հիբրիդ ռեժիմներով պետություններ են։ Չնայած ԱՄՆ-ի հետ ունեցած լարվածություններին՝ նրանց տնտեսություններն այնքան ճկուն չեն, որպեսզի նման խոշոր քայլեր կատարեն։ Բացի այդ՝ ինչպես ցույց են տալիս վիճակագրական տվյալները, 2023թ-ի երկրորդ եռամսյակում, արտարժույթային պահուստների ընդհանուր ծավալները, որոնք կազմել են $12,055․3 տրլն, շարունակում են մեծապես համալրված լինել ԱՄՆ դոլարով․

Արտարժույթային պահուստների ընդհանուր ծավալների 58,9%-ը պատկանում է ԱՄՆ դոլարին։

Երկրորդ, երրորդ և չորրորդ հորիզոնականերում են եվրո-ն, իենը և ֆունտը՝ համապատասխանաբար ՝ 19,97%5,4% և 4,9% բաժնեմասերով։
Նկատում ենք, որ չնայած ռուս-չինական հակադոլարային և հակաարևմտյան հիստերիային՝ աշխարհի երկրների մեծ մասը շարունակում է վստահություն ցուցաբերել Արևմուտքի տնտեսությունների նկատմամբ և իրենց արժույթային պահուստներում պահել Արևմուտքի տարբեր արժույթներ։

Անշուշտ, կարող է երկրների որոշակի հատված պարտադրված է գնում այդ քայլին, սակայն մեծամասնությունն առաջին հերթին նայում է իր տնտեսական շահերին։

Մյուս կարևոր վիճակագրությունը կապված է 2023թ-ի հոկտեմբերին Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ՇՀԿ անդամ երկների տնտեսության աճի հեռանկարներին վերաբերող վիճակագրությանը․

Նկատենք, որ 2024թ-ին Շանհայի համագործակցության կազմակերպության երկրներից Իրանի, Ղազախստանի, ՌԴ-ի, Չինաստանի և Տաջիկստանի տնտեսությունների մասով կանխատեսումներն այնքան էլ ոգեշնչող չեն։ Այս երկրներում 2024թ․-ին 2023թ-ի համեմատ տնտեսության աճը դանդաղելու է և հաստատվելու է համապատասխանաբար 2,5%4.2%1.1%4.2% և 5% մակարդակներում։

Տնտեսության աճը Հնդկաստանում լինելու է ամենաբարձրը՝ 6,3%։ Տնտեսական աճի արագացում նկատվելու է Ղրղզստանում և Պակիստանում, որտեղ 2024թ-ին տնտեսական աճը կազմելու է համապատասխանաբար 4,3% և 2,5%։

  • Այսպիսով, կատարված վերլուծությունը ցույց է տալիս, որ աշխարհում ապադոլարացման տեմպերը չափազանց դանդաղելու են։ Հետևաբար, ՌԴ-ի կողմից հնչեցված առաջարկների ի կատար ածումը, նույնիսկ երկարաժամկետում, քիչ հավանական է։ Դրան նպաստում են առաջին հերթին ՇՀԿ հիմնական երկրների տնտեսությունների աճի դանդաղեցումը, ապա նաև այդ երկրների սերտ կապվածությունները Հավաքական Արևմուտքի հետ։