• Thu. May 9th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հարությունյանը հրաժարական տվեց. ո՞րն է հաջորդ քայլը

ByEditor

Aug 31, 2023

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է իր հրաժարականի մասին: Նա հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը պահանջում է փոփոխություններ, և դրանք սկսում է իրենից: «Այսօր աշխարհում ձևավորված աշխարհաքաղաքական անկայուն վիճակը, տարածաշրջանային իրադարձություններն ու կանխատեսվող զարգացումները, Արցախում և դրա շուրջ տեղի ունեցող երևույթները, արցախյան ներքաղաքական ու ներհասարակական մթնոլորտն ուղղակիորեն հուշում են, որ առկա է մոտեցումների ու քայլերի փոփոխության, ճկունություն դրսևորելու անհրաժեշտություն: Նշվածին հասնելու համար Արցախում անհրաժեշտ է հիմնական դերակատարների փոփոխություն՝ սկսած ինձնից», հայտարարել է Արայիկ Հարությունյանը: Նրա հրաժարականի վերաբերյալ հայտարարության այդ պարբերությունը հարց է առաջացնում, թե ումո՞վ պետք է շարունակվի փոփոխությունը:

Փաստացի, մի փոփոխություն տեղի ունեցավ նրա հրաժարականից առաջ՝ փոխվեց ԱԺ նախագահը և Արայիկ Հարությունյանի հիմնած «Ազատ Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Թովմասյանին փոխարինեց Արցախի ՀՅԴ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը: Մյուս փոփոխությունը փաստացի արդեն անմիջականորեն Արայիկ Հարությունյանի հրաժարականն է, որը ներառում է ըստ էության նաև ԱԽ քարտուղարի փոփոխություն, քանի որ Հարությունյանը հայտարարել է ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանին Պետնախարար նշանակելու հրամանագրի մասին, որը փաստորեն նախագահ Հարությունյանի վերջին հրամանագիրն է: Պետնախարարի պաշտոնը թողել է Գուրգեն Ներսիսյանը: Սամվել Շահրամանյանը փաստացի դառնում է Արցախի գործադիր իշխանության ղեկավար, իսկ ահա՝ Արցախի ղեկավար է, թե՞ պարզապես ներարցախյան ազդեցիկ ուժերի կոնսենսուսով նշանակված դե ֆակտո մոդերատոր կամ սուր ճգնաժամի կառավարման մենեջեր, թերևս կերևա ժամանակի ընթացքում: Մեծ հաշվով, հնարավոր է ասել, որ Արցախում ձևավորվում է կոալիցիոն նոր իշխանություն, թեև այդ իշխանությունը գուցե ունի ավելի շատ «ուրվականային» բնույթ, այսինքն դրա գլխավոր դերակատարները թերևս կառավարրման համակարգում պաշտոնյաներ, հրապարակային պատասխանատուներ չեն:

Սա արտառոց իրավիճակ է, թեև Արցախի ներկայիս դրության պայմաններում մեղմ ասած իրատեսական չէ սովորական, այսպես ասած դասական իրավիճակ պատկերացնելը: Սամվել Շահրամանյանը կենսագրական առումով աչքի է ընկնում նրանով, որ փաստացի Արցախի ԱԱԾ կադր է, երկար տարիներ աշխատել է այդ համակարգում, իսկ 2018-2020 թվականներին գլխավորել Արցախի ԱԱԾ-ն: Հատկանշական է, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո, նրան գեներալ մայորի կոչում է շնորհել, իսկ նույն օրվա հրամանագրով էլ Արցախի զբոսաշրջության, երիտասարդության, ռազմահայրենասիրության հարցերի նախարար է նշանակել Արայիկ Հարությունյանը: Շահրամանյանի ընթացիկ գործունեության համատեքստում ուշադրության է արժանի այն, որ նա էր 2023-ի մարտին Ադրբեջանի պատվիրակ Մամեդովի հետ Արցախից բանակցողը՝ Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնում: Տեղի էր ունեցել երկու հանդիպում: Մամեդովը Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր է, որ Ալիևի հրամանով նշանակվել է Արցախի ներկայացուցիչների հետ բանակցության պատվիրակ: Սակայն, երկու հանդիպումից հետո, որ տեղի էին ունեցել այն ժամանակ խաղաղապահների հրամանատար Վոլկովի ներկայությամբ՝ խաղաղապահների կենտրոնակայան Իվանյանում, շարունակություն չեղավ, Ադրբեջանը հրաժարվեց: Մեծ հավանականությամբ Շահրամանյանի նշանակումը պետնախարարի պաշտոնին՝ անցումային լուծում է, այսպես ասած միջանկյալ տրամաբանությամբ, ինչն իհարկե ամեևին չի բացառում դրա երկարաժամկետայնությունը: Հարցն այն է, թե արդյո՞ք Արցախում այդ լուծման հանգել են պատկերացնելով նաև հետագա շրջափուլեր և քայլեր, թե՞ Արցախը կատարել է քայլ, սպասելով ինչ որ «պատասխան» քայլի: