• Fri. Apr 26th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Սուդանի հակամարտության պատճառով կարող է բարդանալ արաբական խեժի մատակարարումը

ByEditor

Apr 30, 2023

Սուդանի հակամարտությունը կարող է բացասաբար ազդել միջազգային շուկաներ արաբական խեժի (գումիարաբիկ, արտահոսում է աֆրիկյան և արաբական ակացիաների բներից) մատակարարման վրա: Այս մասին հաղորդում է Sky News պարբերականը:

Սուդանն արաբական խեժի՝ աշխարհում խոշորագույն արտադրողն է, այս երկրին բաժին է ընկնում համաշխարհային շուկայի մատակարարման շուրջ 70%-ը: Արաբական խեժը գազավորված ըմպելիքների, քաղցրավենիքի, կոսմետիկայի, ինչպես նաև մի շարք դեղագործական պատրաստուկների արտադրության հիմնական բաղադրիչն է:

«Սուդանի հակամարտությունը սպառողական ապրանքների միջազգային արտադրողներին ստիպել է շտապ ավելացնել արաբական խեժի մատակարարումները», – հաղորդում է Sky News-ը:

Նշվում է, որ այս պահին անհնար է արաբական խեժ ձեռք բերել Սուդանի գյուղական հատվածներից, ինչը պայմանավորված է հակամարտությամբ և ճանապարհների արգելափակմամբ:

Ապրիլի 15-ից Սուդանի մայրաքաղաք Խարթումում և մի շարք այլ քաղաքներում ծանր զինատեսակների կիրառմամբ բախումներ են սկսվել Սուդանի բանակի և «Արագ աջակցության ուժերի» միջև։ Բանակի հրամանատար գեներալ Աբդել Ֆաթթահ ալ Բուրհանը և «Արագ արձագանքման ուժերի» ղեկավար, գեներալ Մոհամեդ Համդան Դագալոն նախկին դաշնակիցներ են: Հակամարտության պատճառն այն է, որ կողմերը տարաձայնություններ ունեն այն հարցի շուրջ, թե ինչպես պետք է ղեկավարվի երկիրը: Բախումների ընթացքում Սուդանում սպանվել է ավելի քան 500 քաղաքացիական անձ, շուրջ 4200-ը վիրավորվել է: Ավերվել են հիվանդանոցները, խաթարվել է հումանիտար օգնությունից կախված միլիոնավոր մարդկանց սննդով ապահովելու գործընթացը: Ստեղծված ճգնաժամի պատճառով Սուդանի սահմաններին ավելացել է փախստականների թիվը: