• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՀԲ․ Աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումները 2022-ին կկազմեն $626 մլրդ

ByEditor

Dec 2, 2022

Աշխատանքային միգրանտների միջազգային դրամական փոխանցումների ծավալը դեպի իրենց երկրներ 2022 թվականին կաճի մոտ 5%-ով՝ հասնելով $626 միլիարդի։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նման գնահատականներ է նախօրեին ներկայացրել Համաշխարհային բանկը (ՀԲ)։

«Դրամական փոխանցումները դեպի ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներ 2022 թվականին դիմակայեցին գլոբալ ցնցումներին՝ աճելով մոտ 5%-ով՝ մինչեւ $626 միլիարդ, ինչը, սակայն, զգալիորեն պակաս է 2021 թվականի ցուցանիշից, երբ աճը կազմել էր 10,2%»,- ասված է ՀԲ հաղորդագրության մեջ։

Ինչպես նշել են ՀԲ-ում, «ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրների տնային տնտեսությունների համար դրամական փոխանցումները կենսական կարեւոր նշանակություն ունեցող եկամտի աղբյուր են»։ Դրանք մեղմում են աղքատության խնդիրը, բարելավում սննդի հետ կապված վիճակը։

ՀԲ կանխատեսումների համաձայն՝ դեպի Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա դրամական փոխանցումների ծավալը 2022 թվականին կաճի 10,3%-ով՝ հասնելով $72 միլիարդի։

«Նավթի գների աճը եւ Ռուսաստանում աշխատանքային միգրանտների կարիքն ավելացրել են դրամական փոխանցումները ՌԴ-ից դեպի Կենտրոնական Ասիայի երկրներ: ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուբլու ամրապնդումը հանգեցրեց Ռուսաստանից դեպի Կենտրոնական Ասիա դոլարային արտահայտությամբ դրամական փոխանցումների ծավալի աճին։ Դեպի Ղրղզստան եւ Տաջիկստան դրամական փոխանցումները կազմել են ՀՆԱ-ի ավելի քան 30%-ը»,- հայտնել են ՀԲ-ում։

Նշվում է, որ «Ուկրաինայում դրամական փոխանցումների ծավալի աճը գնահատվում է 2%՝ ավելի ցածր, քան նախորդ կանխատեսումներն էին, քանի որ ուկրաինացիների համար միջոցներն ուղարկվել են նրանց ընդունող երկրներ, իսկ առձեռն կատարվող դրամական փոխանցումները, հավանաբար, ավելացել են»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *