Դոնալդ Թրամփը պատրաստվում է փոխհատուցել միլիարդատեր Իլոն Մասկին՝ վերջինիս կրած վնասների համար, որոնք նա սկսել է կրել նախագահի հետ համագործակցության ընթացքում։ ԱՄՆ նախագահը մտադիր է շնորհակալություն հայտնել իր ընկերոջը՝ նրան միլիարդավոր դոլարների պետական պայմանագրերով պարգևատրելով։
Այժմ SpaceX-ն արդեն ունի 22 միլիարդ դոլարի պայմանագրեր ԱՄՆ կառավարության հետ, հայտնում է Fortune ամսագիրը։ Ըստ Washington Post-ի՝ Մասկի ընկերություններն օգտվում են նաև 38 միլիարդ դոլարի պետական սուբսիդիաներից, վարկերից և հարկային արտոնություններից։ Եվ սա դեռ միայն սկիզբն է։
Պենտագոնում SpaceX-ի հրթիռները դիտարկվում են որպես ամբողջ աշխարհում ռազմական բեռների արագ առաքման միջոց։
Թրամփի վարչակազմն օգտագործում է Starlink արբանյակային ինտերնետը՝ լայնաշերտ ինտերնետի հասանելիությունն ընդլայնելու համար։ Ըստ New York Times-ի՝ միայն այս պայմանագիրը գնահատվում է 45 միլիարդ դոլար։ ԱՄՆ առևտրի նախարարությունը նույնպես ցանկանում է Starlink-ն օգտագործել որպես գյուղական զարգացման նախաձեռնության մաս։
SpaceX-ը Պենտագոնին հայտեր է ներկայացրել՝ հրթիռների համար նոր արձակման հարթակներ կառուցելու և Ֆլորիդայի ու Կալիֆոռնիայի պետական տիեզերակայաններից արձակումների հաճախականությունը մեծացնելու համար։
Հարցումներից մեկն, ինչպես հայտնում է New York Times-ը, արդեն հաստատվել է։ Canaveral տիեզերակայանից Falcon 9-ի արձակումների տարեկան թիվը կկրկնապատկվի և կհասնի 120-ի։
Այժմ Մասկը ճնշում է գործադրում NASA-ի վրա, որպեսզի գործակալությունը կենտրոնանա Մարսի վրա։ Նա ցանկանում է ձեռք բերել նոր պետական պայմանագրեր՝ պատմության մեջ առաջին անգամ մարդկանց հեռավոր մոլորակ ուղարկելու համար։