Հայաստանի որոշումը, ինչո՞ւ Թուրքիայով, այլ ոչ թե օդով

Հայաստանի կառավարությունը կայացրել է որոշում, համաձայն որի՝ մարտի 21-31-ը տասն օրով կբացվի հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը, որով հայկական մարդասիրական օգնության ավտոշարասյունը կուղևորվի Սիրիա: Ըստ կառավարության՝ այդ օգնության վերաբերյալ որոշումը կայացվել է Երևանի և Դամասկոսի պաշտոնյաների քննարկման ընթացքում: Թե ինչ քննարկման մասին է խոսքը, որոշումը չի մանրամասնում, սակայն Սիրիա մարդասիրական օգնության առաքումը, թերևս, անհրաժեշտ քայլ է:

Սիրիայում իրավիճակը, անշուշտ, մեղմ ասած միարժեք չէ, սակայն այստեղ կա մի աներկբա հարց, որ պահանջում է համարժեք քաղաքականություն: Սիրիայում ապրում է մի քանի հազար մեր հայրենակից: Ոչ միարժեք, հարաբերական կայունությամբ իրավիճակը, որի վտանգների ծավալը ցավագին ակնառությամբ դրսևորվեց օրեր առաջ, շատ սուր և անկանխատեսելի է դարձնում անվտանգության հարցը, այդ թվում մեր հայրենակիցների համար: Այդ հարցում Հայաստանի հնարավորությունները օբյեկտիվորեն սահմանափակ են:

Ըստ այդմ՝ պետք է առավելագույնն անել եղած հնարավորությունների միջոցով աշխատելու համար: Մարդասիրական օգնությունն այդ տարբերակներից մեկն է, որը թույլ կտա շփումներ ձևավորել Սիրիայի կառավարական ուժերի հետ և այդ հանգամանքը օգտագործել այդ երկրում ապրող մի քանի հազար մեր հայրենակիցների անվտանգության հարցում թեկուզ լրացուցիչ որոշակի շերտ ձևավորելու համար: Սիրիայում օրեր առաջ Լաթակիայի շրջանում ծավալված վայրագությունները ի ցույց դրեցին, թե որքան նուրբ ու փխրուն է իրավիճակը, որքան բազմաշերտ, և, ըստ այդմ, որքան կարևոր է սահմանափակ հնարավորությունների պարագայում քայլեր ձեռնարկել այդ իրավիճակում մեր հայրենակիցների անվտանգության ուղղությամբ: Սակայն, հարցը, իհարկե, չի սահմանափակվում միայն դրանով:

Հայաստանը, անշուշտ, առանձնահատուկ հարաբերություն է ունեցել Սիրիայում ալավիական իշխանության՝ Ասադի քաղաքական ղեկավարության հետ: Անկասկած, այդ հարաբերությունն ու կապերը, թերևս, համեմատելի չեն նոր իրողությունների հետ: Բայց, անթույլատրելի է, իհարկե, քաղաքական լրջագույն հարցերին վերաբերել այսպես ասած «կարոտաբաղձությամբ»: Պետք է հաշվի նստել իրողությունների հետ և ձևավորել դրանց հետ աշխատանքի առավելագույն մեխանիզմներ: Առավել ևս, որ նոր իրողություններում նոր դերակատարում է փորձում ստանձնել նաև Ադրբեջանը, ինչը կարող է մարտահրավեր լինել ոչ միայն սիրիական, այլ ավելի լայն ռեգիոնալ իմաստով:

Թերևս անկասկած է, որ հայ-թուրքական սահմանը՝ որպես Սիրիա մարդասիրական օգնություն հասցնելու կոմունիկացիա բացելու մասին որոշումը համաձայնեցված է նաև Թուրքիայի հետ: Ընդ որում՝ հնարավոր է, որ այստեղ Թուրքիան դիտարկվում է ոչ միայն որպես զուտ ճանապարհային «տրանզիտ», այլ նաև գուցե ավելի լայն իմաստով աշխատանքային-հաղորդակցային: Դարձյալ, այդ հանգամանքը բխում է իրողություններից, որոնց հետ պետք է կարողանալ աշխատել: Թերևս նաև այդ նկատառումով է, որ Երևանը կայացրել է մարդասիրական օգնությունը ոչ թե օդային ճանապարհով առաքելու որոշում՝ Սիրիայում օդանավակայանները աշխատում են, այլ հայ-թուրքական սահմանով ու Թուրքիայի տարածքով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *