Ալիևը չի՞ ընդունել Պուտինի «կոնֆիդենցիալ ուղերձը»

Ռուսաստանի Դաշնային ժողովի Վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի Բաքու այցն ակնհայտորեն «արտակարգ գործուղում» էր, որ սկսվեց Միլլի մեջլիսի նախագահ Գաֆարովային և պատգամավոր Փոլադ Բյուլբյուլ-օղլուին Վլադիմիր Պուտինի շնորհած պետական պարգևների հանձնումից և ավարտվեց նրա գլխավորած պատվիրակության ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումով:

Արարողակարգային այդ միջոցառումների միջակայքում Մատվիենկոն առանձնազրույց է ունեցել նախ առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի, ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և նրան փոխանցել Վլադիմիր Պուտինի «կոնֆիդենցիալ ուղերձը»: Այդ մասին, սակայն, Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը տեղեկություն չի տարածել:

«Кавказский узел»-ը փորձել է պարզել, թե Բաքվում ինչպես են գնահատում Ռուսաստանի հետ հարաբերությունները, ինչ տպավորություն ունեն ՌԴ «Սենատի» նախագահ Մատվիենկոյի այցից: Փորձագետների ընդհանուր տեսակետով՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններն «այլևս նախկինը չեն», իսկ վերլուծաբան Ռիզվան Հուսեյնովն առհասարակ կասկածում է, թե դրանք կարող են վերադառնալ նախկին մակարդակին: Նրա գնահատմամբ՝ քաղաքացիական օդանավի աղետից հետո Ռուսաստանի նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների «վստահությունը նշանակալիորեն նվազել է»:

Հուսեյնովը համարում է, որ Ռուսաստանն Ադրբեջանի հետ առանձնահատուկ հարաբերություններ ունի, որ զգալիորեն տարբերվում են հետխորհրդային տարածքի, նույնիսկ նախկին Վարշավայի դաշինքի անդամ երկրների հետ հարաբերություններից»: Նա համարում է, որ այդ առանձնահատկությունն այն է, որ Հարավային Կովկասում Ռուսաստանն Ադրբեջանից բացի չունի շատ թե քիչ վստահելի մեկ այլ գործընկեր, որ կկարողանար ապահովել նրա տնտեսական, տրանզիտային և լոգիստիկ շահերը, որ ներկայումս եվրոպական ուղղությամբ սահմանափակված են: Ռուս-ադրբեջանական հարաբերությունների շուրջ փորձագիտական տեսակետների ամփոփում կարելի է համարել Հարավային Կովկասի երկրների հարցերով փորձագետ Նիյազի Նիյազովի գնահատականը, որ Ադրբեջանը չի բարդացնի Ռուսաստանի հետ տարաձայնությունները, բայց կաշխատի հարաբերությունները տեղափոխել փոխադարձ շահերի և հետաքրքրությունների հարգման հարթություն:

Ասել, թե Իլհամ Ալիևը փորձագետների հետ կիսվել է Վլադիմիր Պուտինից ստացած «կոնֆիդենցիալ ուղերձի» տեքստով, անշուշտ, ճիշտ չէր լինի, բայց ներկայացված տեսակետներից կայուն տպավորություն է ստեղծվում, որ խնդիրը քաղաքական գնահատական արդեն ստացել է, որ տարբեր առիթներով հնչեցվելու է «ծայրահեղ բացասականից» մինչև «փոխընդունելի» դրսևորումներով:

Իլհամ Ալիևին հղած՝ Վլադիմիր Պուտինի «կոնֆիդենցիալ ուղերձի» բովանդակության շուրջ ենթադրություններ, գուցե, կարելի է անել, ինչպես նաև վարկածներ ներկայացնել: Չափազանց կարևոր է, իհարկե, գոնե ընդհանուր պատկերացում ունենալ, թե Ռուսաստանի նախագահն Իլհամ Ալիևին ի՞նչ է փոխանցել հայ-ադրբեջանական կարգավորման առումով:

Բայց դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե կամ Մոսկվան, կամ Բաքուն տեղեկատվական արտահոսք կազմակերպի, ինչի հավանականությունը գրեթե զրոյական է: Այս առումով, սակայն, ուշագրավ է, որ ռուսաստանյան մամուլը ռուս-ադրբեջանական հարաբերությունների թեմային գրեթե չի անդրադառնում: Իսկ ահա ադրբեջանական կողմը, ճիշտ է՝ «Кавказский узел»-ի միջնորդությամբ, բայց բավական թափանցիկ ներկայացրել է իր պատկերացումը, որ եթե ձերբազատենք «լիրիկայից», ապա կստացվի, որ Բաքուն փորձում է խուսանավել հետխորհրդային տարածքի ռուսաստանյան ինտեգրացիայի և իքնիշխանության պահպանման արտաքին ռեսուրսներ ներգրավելու միջև: Ալիևը, երևում է, Պուտինի «կոնֆիդենցիալ ուղերձը» ոչ մերժել է, ոչ՝ միանշանակորեն ընդունել: Մայիսի 9-ին նա պետք է կողմնորոշվի: Անդրկովկասի բոլշեւիկացումը 1920 թվականի ապրիլի 28-ին սկսվել է Բաքվից՝ դառնալով Հայաստանի և Վրաստանի անկախության տապալման հիմք:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *