Թուրքիայի նախագահ Էրդդողանը չի մեկնի Բրյուսել, որտեղ կայանալու է Եվրամիության գագաթնաժողովը: «Հյուրրիեթ» հեղինակավոր պարբերականի սյունակագիրը հայտնել է, որ Էրդողանը չի մեկնի, քանի որ Եվրամիության առաջնորդների գլխում չի տեսնում հետագա զարգացումների շուրջ որոշակիություն:
«Նրանք դեռևս չգիտեն, թե ինչ անել»,- գրում է թուրքական հեղինակավոր պարբերականի սյունակագիրը, անկասկած ոչ առանց պաշտոնական Անկարայի «փոխանցման»: Էրդողանը թաքցնո՞ւմ է Բրյուսել մեկնելու իրական պատճառները, որոնք պայմանավորված են Թուրքիայում ներքին խիստ անհանգիստ իրավիճակով, երբ տասնյակ հազարավոր մարդիկ տարբեր քաղաքներում փողոց են դուրս եկել Ստամբուլի քաղաքապետ Իմամօղլուի ձերբակալությունից հետո:
Մյուս կողմից, սակայն, չէ՞ որ այդ ձերբակալությունը չէր լինի առանց Էրդողանի իմացության և հավանության, կամ առավել ևս առանց ուղիղ ցուցումի: Հետևաբար, եթե Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին ընդառաջ նա գնացել է այդ քայլին, որի ներքաղաքական աղմկոտ արձագանքը չէր կարող չպատկերացնել, ապա նշանակում է, որ տեսել է ավելի կարևոր անելիքներ, քան Բրյուսել մեկնելը:
Ընդ որում՝ ինչպես արդեն նկատել եմ, իր գլխավոր քաղաքական մրցակցի՝ Իմամօղլուի հանդեպ ագրեսիվ գործողության Էրդողանն անցավ ԱՄՆ նախագահ Թրամփի հետ հեռախոսազրույցից երկու օր անց: Ի՞նչ էր շշնջացել նրա ականջին Թրամփը: Եվ արդյո՞ք դրանով չէ պայմանավորված նաև, որ ընդամենը օրեր առաջ իրեն ամբողջ թափով Եվրամիությանն առաջարկող Էրդողանը հրաժարվում է Բրյուսելի գագաթնաժողովին մասնակվելուց՝ ասելով, թե Եվրոպայում չգիտեն ինչ են ուզում:
Եվրամիության հետ դիմակայության մեջ գտնվող Թրամփին հաջողվել է իր կողմը գրավել Էրդողանի՞ն, թե՞ Թուրքիայի նախագահը Թրամփից չի ստացել որևէ կոնկրետ առաջարկ, այլ պարզապես փորձում է Եվրամիության համար բարձրացնել նրա հետ հեռախոսազրույցի գինը, այսինքն՝ ԵՄ համար բարձրացնել իր գինը: Ընդ որում՝ թուրքական մամուլն այսօր տարածել է նաև տեղեկություն, որ առաջիկայում Էրդողանը պլանավորում է հեռախոսազրույց Պուտինի հետ՝ նրա հետ ուկրաինական կարգավորումը քննարկելու համար:
Էրդողանը թեքվում է և փորձում տեղավորվել Թրամփ-Պուտին «գնացքո՞ւմ», թե՞ ոչ թե թեքվում է, այլ խաղում, որպեսզի բարձրացնի իր գինը եվրոպական այն դերակատարների համար, որոնք անհանգստացած են Թրամփի և Պուտինի միջև հնարավոր գործարքով: