• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ԱՄՀ ղեկավար. Մենք կարող ենք հայտնվել ավելի աղքատ եւ պակաս ապահով աշխարհում

ByEditor

Nov 15, 2022

ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առճակատումը տանում է դեպի համաշխարհային տնտեսության պառակտման, ինչը կարող է հանգեցնել նոր սառը պատերազմի:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Washington Post-ին տված հարցազրույցում ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Կրիստալինա Գեորգիեւան։

«Ինձ անհանգստացնում է համաշխարհային տնտեսության խորացող մասնատումը։ Մենք կարող ենք հայտնվել ավելի աղքատ եւ պակաս ապահով աշխարհում»,- ասել է նա:

Ըստ ԱՄՀ տվյալների, որոնք մեջբերում է թերթը, երկու ճամբարների բաժանված համաշխարհային տնտեսությունը կկրճատվի 1,5%-ով կամ տարեկան ավելի քան $1,4 տրիլիոնով:

Գեորգիեւան նշել է, որ էլեկտրոնիկայի եւ արդյունաբերական ապրանքների արտադրության կենտրոն համարվող Ասիայի համար տոկոսային առումով կորուստը կրկնակի մեծ կլինի։ «Առաջին սառը պատերազմի ժամանակ ես ապրել եմ երկաթե վարագույրի մյուս կողմում (Գեորգիեւան ծննդով Բուլղարիայից է – ՏԱՍՍ)։ Այո, այնտեղ բավականին ցուրտ է: Եվս մեկ սերնդին երկրորդ սառը պատերազմի մեջ ներքաշելը շատ անպատասխանատու է»,- ասել է ԱՄՀ ղեկավարը։

Նա նշել է, որ, թեեւ ԱՄՆ-ի եւ Չինաստանի տնտեսությունները փորձում են ինքնաբավ դառնալ, դրանք սերտորեն փոխկապակցված են եւ ամբողջական տարանջատումը միմյանցից անհնար է։ Գեորգիեւան ասել է, որ իմաստ ունի դիվերսիֆիկացնել մատակարարման շղթաները, սակայն այդ գործընթացը չպետք է դուրս գա «տնտեսական տրամաբանությունից», այլապես այն կարող է «վնասակար լինել ԱՄՆ-ի եւ ամբողջ աշխարհի համար»։

Գեորգիեւայի խոսքով՝ ԱՄՆ-ն ու Եվրոպան ձգտում են վերացնել կախվածությունը միակ մատակարարից՝ Չինաստանից, սակայն, եթե նրանք որոշեն ներդնել նոր առեւտրային խոչընդոտներ, կարող են հանգեցնել «կործանարար ցիկլի»: Նման գործողությունները կվնասեն միջին խավին եւ աղքատ ընտանիքներին, նշել է ԱՄՀ ղեկավարը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *