• Thu. May 16th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Կենսաթոշակային ֆոնդերը գրանցել են բացասական եկամտաբերություն. ինչպես են արձագանքում կառավարիչները

ByEditor

Jul 29, 2022

Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերում ընթացիկ տարվա վեց ամսվա եկամտաբերության բացասական միտումը կարճաժամկետ կտրվածքով է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Ամունդի-Ալբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը նշեց, որ 2014 թվականից ի վեր, երբ կենսաթոշակային ֆոնդերը սկսել են կառավարվել, եղել են «շոկեր», սակայն փորձը ցույց է տալիս, որ դրանց հաջորդել են վերականգնման փուլերը: Այժմ միջազգային շուկայում գրանցված երերումների ֆոնին հերթական ալիքն է գրանցվել:

«Ընթացիկ տարվա վեց ամիսներին կենսաթոշակային ֆոնդերն արձանագրել են եկամտաբերության որոշակի բացասական արդյունք: Մեր դեպքում դա տատանվել է 5-10 տոկոսի սահմաններում: Իրենց ազդեցությունն են թողել մի շարք գործոններ՝ դրամի արժևորումը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ,  գնաճային ճնշումները: Ակտիվների որոշակի մասը՝ շուրջ 30 տոկոսը, ներդրված է արտասահմանում տարբեր երկրներում՝ ուղղակի կամ անուղղակի ձևով: Երբ այդ կատարված ներդրումները վերածում ենք դրամային արտահայտության՝ համապատասխան փոխարժեքի միջոցով, ապա, կախված կուրսից, երևում է դրամային համարժեքը: Տարեսկզբից ունեցել ենք բավական բարձր փոխարժեք և՛ դրամ-դոլար, և՛ եվրո-դոլար գծով: Կիսամյակի վերջում դրանց մակարդակը իջել է ինչն էլ իր բացասական ազդեցությունն է թողել ֆոնդերի կիսամյակային եկամտաբերության վրա»,-ասաց Հրայր Ասլանյանը:

«Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի գլխավոր ֆինանսական և գործառնական տնօրեն Իզաբելլա Ադիլխանյանի խոսքով՝ ֆոնդերն ունեն արտասահմանյան ներդրումներ և դրանք դրամով վերագնահատվելիս բացասական արդյունք են տալիս:

«Բայց դա այս պահի դրությամբ վնաս է: Ֆոնդերը պահում են գործիքները, հնարավորություն կա վերականգնել եկամտաբերությունը: Երկարաժամկետ կտրվածքով կապիտալի շուկաներն ունեն վերականգնման հնարավորություն: Ավելին, նույնիսկ այս բացասական փուլը ներառյալ, 2014 թվականից մինչ այսօր ֆոնդերի եկամտաբերությունը տարեկան եղել է միջինը 7 տոկոս: Եղել են տարիներ, երբ երկնիշ աճ է գրանցվել: Մեր 7 տարվա փորձը, իսկ ամբողջ աշխարհում՝ երկար տարիների փորձը, ցույց  են տալիս, որ ճգնաժամային իրավիճակներից հետո հաջորդում է վերականգնման փուլը, իսկ մենք դեռ բավական ժամանակ ունենք, մինչև առաջին շահառուները կսկսեն կենսաթոշակ ստանալ»,-ասաց Իզաբելլա Ադիլխանյանը:

Հաշվի առնելով, որ համաշխարհային տնտեսական միտումները դեռ անորոշության մեջ են, հետևաբար, կենսաթոշակային ֆոնդերի հետ կապված մտահոգությունները դեռ պահպանվում են: Հրայր Ասլանյանը նշեց, որ իրենք ամենօրյա, շարունակական աշխատանք են կատարում պորտֆելի դիվերսիֆիկացիայի ուղղությամբ:

«Գործիքակազմի, մոտեցումների փոփոխությունը շարունակական է ու պայմանավորված չէ այս կամ այն անկմամբ: Եղած իրավիճակի պայմաններում պետք է փորձենք մեր պորտֆելն այնպես կառուցել, որ վնասը լինի նվազագույնը, իսկ շուկաների վերականգնման դեպքում, հնարավորինս օգուտ քաղենք: Մեր անելիքը պորտֆելի դիվերսիֆիկացիան է: Պետք է փորձել տարբեր ռիսկեր ներառել մեր քաղաքականության մեջ, այսինքն՝ ներդրումները բաշխել այնպես, որ նման շարունակական երևույթների, ինչպես նաև՝ նոր երևույթներ ի հայտ գալու ազդեցությունը ֆոնդերի վրա լինի նվազագույնը»,-ասաց նա:

Հրայր Ասլանյանն ընդգծեց, որ, ընդհանուր առմամբ, շուկաները տատանողական են, և օրինաչափ է, որ արձագանքում են տարբեր աշխարհամասերում տեղի ունեցող «շոկերին»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *