• Thu. May 9th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Կոնդի բնակիչների համար կապահովվի փոխհատուցում՝ շուկայական արժեք + 15% սկզբունքով. Կոստանյան

ByEditor

Feb 29, 2024

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը անդրադարձել է Կոնդ թաղամասի շուրջ իրավիճակին:
«Քանի որ Կոնդ թաղամասի շուրջ առանձին դեպքերում կան ակնհայտ մանիպուլյատիվ շահարկումներ, իսկ որոշ դեպքերում՝ թյուրիմացաբար հնչող կարծիքներ, որոնց գերակշիռ մասը իրականությանը չի համապատասխանում, ցանկանում եմ որոշակի հստակություն մտցնել թեմայի վերաբերյալ:
Այսպես՝ սույն թվականի փետրվարի 25-ին Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հնչած թվերը՝ մասնավորապես 139000 և 214000 ՀՀ դրամը ոչ թե վերաբերում են ապագայում Կոնդի բնակիչների գույքային փոխհատուցման չափին, այլ հետևյալին.
նախ նշեմ, որ կոնդեցիներին փոխհատուցելու հստակ չափը հասկանալու համար անհրաժեշտ է վերացնել սեփականության հետ կապված վիճահարույց կամ բաց մնացած բոլոր խնդիրները:
Այդ խնդիրները լուծելու համար ներկայումս Երևանի քաղաքապետարանի կողմից կոնդեցիների դիմումների հիման վրա իրականացվում են Կոնդ թաղամասի սահմանների ճշգրտման և հողհատկացման հիմքերի վերականգնման աշխատանքներ, որոնց համար նախատեսված է սահմանված կադաստրային արժեքի վճար՝ 2 տոկոսի չափով:
Բերեմ օրինակ. ենթադրենք՝ քաղաքացին ներկայումս ունի 50 քմ սեփականության վկայական: Սահմանների ճշգրտումից հետո փաստացի ունենում է 100 քմ սեփականության վկայական, ինչն իր հերթին կնշանակի, որ քաղաքացին պետք է որպես Երևանի ավագանու որոշմամբ սահմանված տեղական տուրք՝ կատարի վճարում հետևյալ կերպ՝
կադաստրային գոտիով սահմանված 139000 ՀՀ դրամի դեպքում՝ 139000-ի 2%-ը կազմում է 2780 ՀՀ դրամ: Այս թիվը պետք է բազմապատկել սեփականության վկայականում նշված քմ-ի թվով: Պայմանական՝ 100 քմ-ի դեպքում ստացվում է, որ քաղաքացին վճարելու է 278000 ՀՀ դրամ տեղական տուրք.
կադաստրային գոտիով սահմանված 214000 ՀՀ դրամի դեպքում՝ 214000-ի 2%-ը կազմում է 4280 ՀՀ դրամ: Այս թիվը պետք է բազմապատկել սեփականության վկայականում նշված քմ-ի թվով: Պայմանական 100 քմ-ի դեպքում ստացվում է, որ քաղաքացին վճարելու է 428000 ՀՀ դրամ տեղական տուրք»,- գրել է Կոստանյանը: