• Tue. Feb 27th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Մեկ տարում Իրանում արձանագրվել է օտարերկրացի զբոսաշրջիկների թվի 50% աճ

ByEditor

Feb 12, 2024

Իրան այցելած օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը 2023-ի մարտից մինչև 2024-ի փետրվարը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 50%-ով։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Զբոսաշրջության ոլորտի 17-րդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը։

«Այս տարի մենք տեսանք, որ երկիր այցելած զբոսաշրջիկների թիվն ավելացել է 50 %-ով: Երկիրը լրացրել է համավարակի ավարտից հետո զբոսաշրջության ոլորտում առաջացած պակասը և ստեղծել է անհրաժեշտ պայմաններ զբոսաշրջիկների համար», – ասել է նախագահը:

Նա հավելել է, որ ԻԻՀ-ն ունի մեծ մշակութային ժառանգություն և հիանալի բնություն, ինչը վիթխարի ներուժ է ոլորտի զարգացման համար։

Ռայիսիի խոսքով՝ կառավարությունը հավանություն է տվել 20 որոշման՝ խթանելու զբոսաշրջության ոլորտի աշխատողներին։ Բացի այդ, ընդգծել է, որ բժշկական զբոսաշրջության ոլորտում շատերը նախընտրում են ավելի շատ Իրանը, քան Եվրոպան, քանի որ այստեղ բուժումը համարում են ավելի էժան և արդյունավետ։ Ըստ Իրանի նախագահի՝ երկրի շուրջ 277 բժշկական կենտրոններ պատրաստ են ընդունելու առողջական նպատակով ճանապարհորդող օտարերկրյա քաղաքացիներին։

Փետրվարի 4-ին Իրանը միակողմանիորեն չեղարկել է վիզային ռեժիմը 28 երկրի, այդ թվում՝ Բելառուսի, Կատարի, Ղրղզստանի, Մեքսիկայի, ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Սերբիայի, Ուզբեկստանի և Ճապոնիայի հետ: