• Sat. Jul 27th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՀայՓոստը պիլոտային նոր ծրագիր է սկսում Ռուսաստանի փոստի հետ

ByEditor

Feb 11, 2024

ՀայՓոստի գլխավոր տնօրենի տեղակալ Արտակ Ղուլյանը եւ Ռուսաստանի փոստի գլխավոր տնօրենի տեղակալ Անտոն Կոլուդարովը ստորագրել են պայմանագիր, համաձայն որի ռուսաստանյան առցանց առեւտրով զբաղվող խոշոր հարթակներից մեկի համար կներդրվի պիլոտային ծրագիր եւ մեծածավալ բեռները փոստային ուղիներով կփոխադրվեն ՌԴ-ից ՀՀ եւ հակառակ ուղղությամբ:

ՀայՓոստից հայտնել են, որ այս ծրագրի շրջանակում կլինի տերմինալից տերմինալ փոստային փոխադրում, ինչը թույլ կտա զգալիորեն կրճատել առաքման գներն ու ժամկետները, ինչպես նաեւ էապես բարձրացնել փոստափոխանակման ծավալները:

«Այս պայմանագիրը կնպաստի փոստային նոր ծառայության ներդրմանը, որը թույլ կտա երկու երկրի փոստային օպերատորներին փոստային մեծածավալ բեռներ փոխադրել: Տվյալ ծառայության ներդրումը հաջողելուց հետո պետք է ձեռնամուխ լինենք աշխարհագրության ընդլայնմանը: Պետք է հասնենք մի կետի, երբ փոստային ուղով բեռի տեղափոխումը լինի ավելի մատչելի, արագ եւ ապահով: Լիահույս ենք, որ մոտակա մեկ ամսվա ընթացքում կտեսնենք նոր ծառայության պտուղները եւ տվյալ ծառայությունը կառաջարկենք այլ ընկերությունների»,- ասել է ՀայՓոստի Գլխավոր տնօրենի տեղակալ Արտակ Ղուլյանը:

Նշվում է, որ նրանք քննարկվել են էլեկտրոնային առեւտրի զարգացման, նոր ծառայությունների ներդրման, ինչպես նաեւ փոստափոխանակման կազմակերպման վերաբերյալ հարցեր: