• Tue. Feb 27th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Գագիկ Գյուլբուդաղյանը նշանակվել է Բեյքեր Թիլլի Արմենիա-ի խորհրդի նախագահ

ByEditor

Feb 11, 2024

Բեյքեր Թիլլի Արմենիա-ն հայտնել է Գագիկ Գյուլբուդաղյանին ընկերության Խորհրդի նախագահի պաշտոնում նշանակելու մասին։

«Գագիկ Գյուլբուդաղյանը կերտել է իր փայլուն կենսագրությունը՝ անցնելով առանձնահատուկ եւ ազդեցիկ մասնագիտական ուղի հայաստանյան եւ արտասահմանյան ճանաչված աուդիտորական ու խորհրդատվական ընկերություններում: Իր մասնագիտական գործունեության ընթացքում Գագիկ Գյուլբուդաղյանը հիմնադրել է մասնագիտական ծառայություններ մատուցող մի շարք ընկերություններ եւ հաջողության ուղի հարթել նրանց համար՝ ապահովելով նպատակային հասույթի ու շահույթի ստացում իրենց բարդությամբ առանձնացող ու նոր ձեւավորվող շուկաներում։ Պարոն Գյուլբուդաղյանը ստեղծել է գործուն տարածաշրջանային աշխատանքային խմբեր եւ նպաստել լայնածավալ ռազմավարական փոփոխությունների հանգեցնող ծրագրերի իրականացմանը։ Նա ոգեշնչող ու դեպի բարեփոխումներ տանող հզոր առաջնորդ եւ ուսուցիչ է, ով զարգացնում եւ ղեկավարում է բարձր արդյունավետությամբ աչքի ընկնող կազմակերպություններ», – ասված է հաղորդագրության մեջ:

Գագիկ Գյուլբուդաղյանը Հայաստանում Դանիայի Թագավորության պատվավոր հյուպատոսն է, Ամերիկայի առեւտրի պալատի (AmCham) խորհրդի ու Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների Միության (UMBA) խորհրդի անդամը:

«Բեյքեր Թիլլի Արմենիան իր երկարամյա բեղուն գործունեության ընթացքում բազում հաջողություններ է արձանագրել եւ իր նշանակալի ներդրումն ունեցել Հայաստանում մասնագիտական ծառայությունների ոլորտի զարգացման գործում։ Նա առաջինն է առաջարկել աուդիտորական, գաղտնի գնորդի, աշխատավարձի ուսումնասիրության եւ այլ նոր ծառայություններ հայաստանյան շուկայում։ Բեյքեր Թիլլի Արմենիան 2007 թ-ից անդամակցում է Բեյքեր Թիլլի Ինթերնեշնլին, որը հաշվապահական եւ գործարար ծառայությունների` աշխարհի տասը խոշորագույն միջազգային ցանցերի շարքում է եւ Հաշվապահների Միջազգային Դաշնության (IFAC) մասը կազմող Forum of Firms միության անդամն է։ «Բեյքեր Թիլլի Ինթերնեշնլ»-ը ներկայացված է իր անկախ ընկերությունների միջոցով աշխարհի ավելի քան 141 երկրներում, եւ նրանց 658 գրասենյակների շուրջ 43 000 բարձրորակ մասնագետները, անհրաժեշտության դեպքում, կարող են ցանկացած պահի իրենց օժանդակությունը տրամադրել Բեյքեր Թիլլի Արմենիա ընկերությանը՝ երկրագնդի ցանկացած կետում գտնվող իր պատվիրատուների պահանջները բավարարելու համար», – ասված է ընկերության հաղորդագրության մեջ:

Ողջունելով Գագիկ Գյուլբուդաղյանին իր նոր պաշտոնում` Բեյքեր Թիլլի Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Վահե Գեւորգյանն ասել է.

«Ուրախ եմ ողջունել պարոն Գագիկ Գյուլբուդաղյանին, ով մեր ոլորտի արհեստավարժ ամենաակնառու գործիչներից մեկն է, այս կարեւոր պաշտոնում։ Նրա ռազմավարական հեռատեսությունն ու գերազանցության բարձր չափանիշներին հասնելու նպատակաուղղվածությունը լիովին համահունչ են Բեյքեր Թիլլի Արմենիա ընկերության արժեքներին ու նպատակներին: Վստահ եմ, որ Գագիկ Գյուլբուդաղյանի ղեկավարության ներքո Բեյքեր Թիլլի Արմենիան կշարունակի որակյալ ծառայություններ մատուցել իր պատվիրատուներին եւ կարեւոր նախագծեր իրականացնել՝ Հայաստանի տնտեսության զարգացմանն աջակցելու համար»: