• Mon. Jul 22nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Երկիրը կանգուն է այնքան, քանի դեռ իր զավակներն իրենց ողջ ներուժը ներդնում են հանուն վաղվա գալիքի

ByEditor

Dec 31, 2023

Դե ինչ, ահա և ճանապարհում ենք 2023 թվականը և բացում դռները 2024-ի առջև․․․
Սիրելի հայրենակիցներ, համոզված եմ, որ անցնող տարին կդրոշմվի յուրաքանչյուր հայի սրտում և հիշողության մեջ․ կորուստներ, ցավ, մասնատված հայրենիք․․․ փորձությունների մի անվերջանալի շղթա էր անցնող տարին, որը թվում էր պետք է կոտրի մեզ և ծնկի բերի․․․ Բայց ոչ, մենք կանգուն մնացինք, դիմակայեցինք, չկոտրվեցինք, կրակի միջից հառնեցինք որպես փյունիկ և առավել հաստատապես գիտակցեցինք, որ հույսներս պետք է մեզ վրա դնենք, պետք է յուրաքանչյուրս մեր ոլորտում ամրանանք ու հզորացնենք հայրենիքը գործո՛վ․․․
Երկիրը կանգուն է այնքան, քանի դեռ իր զավակներն իրենց ողջ ներուժը ներդնում են հանուն վաղվա գալիքի, հանուն պետականության ամրապնդման, հանուն սերունդների։ Հասարակ գյուղացի, հողագործ, շինարար, ուսուցիչ, բժիշկ, զինվորական․․․ բոլոր կոչումներն ու առաքելությունները մեզ այսօր օդ ու ջրի պես պետք են, որովհետև հայրենիքը սկսվում է հողի հանդեպ սիրուց, ուսուցչի՝ երեխայի մեջ հայրենիքի հանդեպ սեր սերմանելուց, զինվորականի՝ հայրենիքը սեփական անձնից առավել սիրելուց և պաշտպանելուց․․․
Եկեք 2024-ին մի փոքր ավելի շատ սիրենք այն հողը, որից սերվել ու սնվել ենք, այն տունը, որից ջերմն ու հարազատը չենք գտնի աշխարհում, այն սահմանը, որն ի վերուստ մեզ վիճակվել է ամուր ու անսասան պահել․․․
Ես հավատում եմ վաղվա օրվան, հավատում եմ, որ թերթելով այս էջը մենք կբացենք մի նոր ու լուսավոր էջ և այն կվերնագրենք ՝ «ԱԶԱՏ, ԱՄՈՒՐ, ԿԱՆԳՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔ»
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Համառուսաստանյան հասարակական կազմակերպության “Ռուսաստանի հայերի միություն” վարչության անդամ

Պետական Դումայի Ազգությունների հարցերով կոմիտեին առընթեր Փորձագիտական խորհրդի անդամ
ԱՐՏՅՈՄ ՄՆԱՑԱԿԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ