• Thu. May 9th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Արցախից 17 000 բռնի տեղահանված սովորում է ՀՀ դպրոցներում

ByEditor

Dec 30, 2023

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 17 հազար երեխաներ սովորում են Հայաստանի դպրոցներում, իսկ մոտ 2800–ը` բուհերում և քոլեջներում։ Այս մասին տարեվերջյան մամուլի ասուլիսում նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով` աշակերտների համար ապահովվում են անհրաժեշտ դասագրքեր, գրենական պիտույքներ:
«Ուզում եմ ընդգծել, որ շատ արագ հաստատվել է արցախցի ուսանողների կրթաթոշակի կարգը, որը հնարավորություն է տվել ԼՂ-ի բուհերում և քոլեջներում սովորող ուսանողներին իրենց կրթությունը շարունակել ՀՀ ուսումնական հաստատություններում և կրթաթոշակի միջոցով իրենց ուսման վարձը փոխհատուցել»,–ասել է Անդրեասյանը։
Նրա խոսքով` ավելի քան 1800 ուսանողներ իրենց կրթությունը շարունակում են բուհերում, իսկ 1000 ուսանողներ՝ քոլեջներում:
Անդրադառնալով ՀՀ-ում արդեն իսկ սովորող արցախցի ուսանողներին, որոնց ուսման վարձը վճարում էր ԼՂ իշխանությունը կամ ուսանողների ընտանիքների, որոնք նույնպես տեղահանվել են և այժմ չունեն ուսման վարձ վճարելու հնարավորություն, նախարարն ասաց.
«Մեր վերջին որոշումը վերաբերում էր այս խմբի ուսման վարձի փոխհատուցմանը: Այս ծրագրի շահառու է դարձել արդեն իսկ 900 սովորող, գումարները փոխանցված են բուհերին, քոլեջներին»,-ասել է նա։