• Mon. May 20th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՌԴ «ռազմական ժամանակների բյուջեն» և տնտեսական կանխատեսումները. ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

ByEditor

Nov 27, 2023

Ռուսաստանի պետդուման ընդունեց ՌԴ-ի 3 տարվա բյուջեի նախագիծը՝ 2024-2026թթ-երի կտրվածքով։ Այս բյուջեի որոշ պարամետրեր հետաքրքիր են ոչ միայն աշխարհի տարբեր պետություններին, այլ նաև Հայաստանին՝ հատկապես վերջին ժամանակներում ռուս-հայկական հարաբերությունների հետընթացի ֆոնին։

Մենք բազմիցս նշել ենք, որ այս բացասական միտումներն առաջին հերթին հարվածելու են ՀՀ տնտեսությանը, որտեղ Ռուսաստանն ունի բացարձակ ներկայացվածություն։ ՌԴ-ի վերհսկողության ներքո են ՀՀ տնտեսության ռազմավարական նշանակություն ունեցող որոշ առանցքային ոլորտներ։

Հետևաբար, ՌԴ պետդումայի կողմից ընդունված բյուջեն չի կարող դուրս մնալ մեր ուշադրությունից։ Սույն վերլուծությունում կանդրադառնանք հատկապես 2024թ-ի բյուջեին, որին արդեն տալիս են տարբեր բնորոշումներ։

Ռուսաստանի բյուջեի շուրջ տեղի ունեցող խառնաշփոթը պայմանավորված է նրանով, որ այն ընդունվում է ՌԴ-ի և աշխարհի համար չափազանց կարևոր  ժամանակահատվածում։ Զարմանալի է, որ անորոշության այս պայմաններում, երբ տեղի ունեցող փոփոխությունները հաճախ նաև անվերահսկելի են, ընդունվում է բյուջե՝ երեք տարվա կտրվածքով։

Այսպիսով, 2024թ-ի ՌԴ բյուջեի հիմնական հոդվածների մասով կանխատեսումները հետևյալն են․

ՌԴ բյուջեի եկամուտների ծավալները 2024թ-ին կազմելու են ₽35․1մլրդ կամ մոտ $389 մլրդ ($1=₽90.1):
2024թ-ի բյուջեում նավթագազային և ոչ նավթագազային կանխատեսվող եկամուտների մասնաբաժինները ընդհանուր կանխատեսվող եկամուտների ծավալներում կազմելու են համապատասխանաբար՝  33% և 67%։ Այս արդյունքները ցույց են տալիս, որ Ռուսաստանը 2024թ-ին ևս շարունակելու է զգալի կախվածություն ունենալ նավթագազային եկամուտներից։

  • Փաստացի ստացվում է, որ դեռևս տասնամյակներ շարունակ վարվող քաղաքականությունն արդյունքներ չի տալիս, և ռուսական տնտեսությունը շարունակում է ապրել նավթագազային եկամուտներով, ինչն էլ ռազմավարական տեսանկյունից չափազանց խոցելի է դարձնում ՌԴ տնտեսությունը։

Մյուս կողմում են ՌԴ բյուջեի ծախսերը, որոնք 2024թ-ին կանխատեսվում են ₽37 մլրդ ռուբլի կամ $407 մլրդ ($1=₽90.1) մակարդակում։ ՌԴ 2024թ-ի բյուջեն անվանում են «ռազմական ժամանակների բյուջե», քանի որ, համաձայն որոշման, պետբյուջեի ծախսերի շուրջ 29%-ն ուղղվելու է ռազմական պահանջների ապահովմանը։

2024թ-ին ռազմական բյուջեի մասով կատարված հատկացումները գերազանցելու են սոցիալական քաղաքականության մասով հատկացումներին, որի մասնաբաժինը կազմելու է ընդամենը 21%։ Նկատենք նաև, որ ազգային անվտանգության և իրավապահ գործունեությանը հատկացվող ծախսերի մասնաբաժինը 2024թ․-ին կազմելու է 10%։

  • Փաստորեն ստացվում է, որ 2024թ-ի բյուջեն լինելու է պակասուրդային։ Պակասուրդի ծավալները կազմելու են մոտ ₽1․6 մլրդ կամ մոտ $18 մլրդ ($1=₽90.1)։ Վերջինս կազմում է ՀՆԱ-ի 0,9%-ը։

Այս ամենով հանդերձ՝ մեզ համար կարևոր է հասկանալ այն մակրոմիջավայրը, որի հիման վրա մշակվել է բյուջեն․

Ռուս տնտեսագետները կանխատեսում են, որ տնտեսական աճը 2024թ-ին կազմելու է 2,3%, իսկ գնաճը՝ 4,5%։ Ռուսական նավթի արտահանման գինը կանխատեսվում է $71,3 1 բարելի դիմաց, իսկ 1000 խոր․ մ․ գազի գինը՝ $268,8։

Ըստ կանխատեսումների՝  1 ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը 2024թ-ին կազմելու է ₽90,1, իսկ արտահանման և ներմուծման ծավալները՝  համապատասխանաբար $475 և $303 մլրդ մակարդակներում։