• Sun. May 19th, 2024

kommersant.am

Just another WordPress site

«Խաղաղության խաչմերուկ»-ն այլընտրանք է միջանցքային տրամաբանությանը. Քթոյան

ByEditor

Oct 29, 2023

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մերժում է գաղութատիրական սկզբունքը և առաջարկում է միջանցքային տրամաբանության այլընտրանք: Banksnews.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Արման Քթոյանը։

Նրա խոսքով՝ նախագիծը, միանշանակ, կարող է տնտեսական օգուտներ բերել.

«Հայաստանն անում է իր քայլերը, ասում է՝ կարող եմ ուժեղացնել իմ գործիքակազմը, որն ավելի է մեծացնում կապուղիների անվտանգությունը։ Մենք քայլ ենք ձեռնարկում այդ ուղղությամբ, ոչ թե ասում ենք՝ հրաժարվում ենք միջանցք տրամադրել, այլ փորձում ենք հասկանալ այն մտահոգությունները, որոնք կան, թեկուզ դրանց հետ համաձայն չլինելով, այնուամենայնիվ, դրանց ընդառաջ քայլեր ենք անում»։

Նշենք, որ երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում մասնակցել է «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին և իր ելույթում ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները:

«Կառավարությունը մշակել և ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը որպես խաղաղության օրակարգի կարևոր մի մաս: Այդ նախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի Իսլամական Հանրապետության միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով»,-ասել է վարչապետը։

Արման Քթոյանը նկատեց՝ եթե մենք խոսում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին, կամ որ Հայաստանով ինչ-որ կոմունիկացիոն շղթայի հատված կարող է անցնել, դրանք տնտեսական օգուտներ պարունակում են․

«Այսօր Վրաստանը օգուտներ է քաղում այն հանգամանքից, որ իր տարածքով կոմունիկացիաներ են անցնում, համենայն դեպս, օգուտները շատ ավելի նշանակալի են։

«Խաղաղության խաչմերուկի», այսպես ասած, հակառակը գաղութատիրական սկզբունքն է։ Այն, որ Հայաստանը պատրաստակամություն է ցուցաբերում, դա արդեն իսկ կարևոր է։ Նախորդ երեսուն տարիներին մենք զգալի հնարավորություններ արդեն իսկ բաց ենք թողել։ Առաջնային նշանակության հաղորդակցության ուղիները, առավել կարևոր, արդեն իսկ կան, և այն, ինչ լինելու է, կլինի որպես արդեն իսկ գոյություն ունեցող ճանապարհի այլընտրանք, հարց է՝ այդ այլընտրանքն արդյո՞ք կունենա նույնչափ կարևորություն, որքան արդեն իսկ գոյություն ունեցողները։ Իհարկե, շատ հարցեր կան՝ ինչպես նախագիծը կիրագործվի, ինչ լուծումներ դրան կտրվի, քաղաքական ինչ միջավայր կլինի»։

Տնտեսագետը տեսակետ հայտնեց, որ խաչմերուկի գաղափարը կարող է իրականություն դառնալ, եթե տարածաշրջանի երկրները ևս պատրաստակամություն ցուցաբերեն․

«Պետք է լուրջ աշխատանք տարվի բոլոր շահագրգիռ կողմերին ցույց տալու համար, որ Հայաստանը կառուցողական դաշտում է և պատրաստակամ է աջակցելու հաղորդակցության բոլոր տիպի ուղիների ապաշրջափակմանը»։

Անժելա Պողոսյան