• Sun. May 12th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Արցախում խնդիրներ են առաջացել նաև կանխիկ գումարի հասանելիության հետ կապված․ 4 համայնքների բնակիչներ չեն կարողանում օգտվել բանկային ծառայություններից

ByEditor

Jun 26, 2023

Ավելի քան 6 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում խնդիրներ են առաջացել նաև կանխիկ գումարի հասանելիության հետ կապված՝ հաշվի առնելով նաև մարդկանց ճգնաժամային վարքը կանխիկ կուտակելու առումով: Այդ խնդրի որոշակի կարգավորման նպատակով հունվարի 11-ից ներդրվել է կանխիկացման սահմանաչափ՝ օրական մինչև 50 հազար դրամի չափով: Այս մասին BansNews.am-ը տեղեկանում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակ արտահերթ զեկույցից։

Շրջափակման և ազատ տեղաշարժվելու անկարողության պատճառով արցախցիները չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բանկային
ծառայություններ Հայաստանում կամ արտերկրում գտնվող իրենց բանկերում, որոնք ներկայացված չեն Արցախում, օրինակ՝ ժամկետանց բանկային քարտերի թարմացում, բանկային քաղվածքների ստացում, կանխիկի ստացում, ավանդներ սպասարկում և այլն:

Շուշիի շրջանի չորս համայնքների՝ Մեծ Շենի, Հին Շենի, Եղցահողի և Լիսագորի բնակիչները, որոնք ադրբեջանական կողմի ապօրինի անցակետի տեղադրումից հետո հայտնվել են կրկնակի շրջափակման մեջ՝ մեկուսացվելով թե՛ Հայաստանից, թե՛ Ստեփանակերտից, 2023 թվականի ապրիլի 23-ից այլևս չեն կարողանում օգտվել բանկային ծառայություններից։ Քանի որ գյուղերում բացակայում են բանկոմատներ կամ բանկերի մասնաճյուղեր, նշված գյուղերի բնակիչները չեն կարողանում կանխիկացնել իրենց աշխատավարձերը, թոշակները և սոցիալական այլ վճարները՝ բախվելով ֆինանսական լուրջ խնդիրների։

Հիշեցնենք, որ Արցախն արդեն շուրջ 7 ամիս է՝ շրջափակման մեջ է։ Արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ադրբեջանցիները փակել են։ Պատճառը նախ անհասկանալի պահանջներով բնապահպանների կողմից բողոքի ցույցն էր, որը տևեց շուրջ կես տարի, այնուհետև Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի միջանցքում։ Օրեր անց միջադեպեր գրանցվեցին, ինչից հետո էլ Ադրբեջանն առհասարակ արգելեց միջանցքով բեռների ու մարդկանց տեղաշարժը։

Հիշեցնենք նաև, որ 2020 թվականին Արցախում Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը կանգնեցվեց Նոյեմբերի 9-ին եռակողմ համաձայնագրով՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև։

Ռուսաստանը հանդես էր գալիս որպես միջնորդ։ Ըստ համաձայնագրի` Լաչինի միջանցքով պետք է ապահովվեր Արցախի բնակիչների ազատ տեղաշարժը դեպի Հայաստանի Հանրապետություն և հակառակը։ Դրա երաշխավորը պետք է լինեին ռուս խաղաղապահները։