• Sun. May 19th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Կանադան մտադիր է բռնագանձել Աբրամովիչի ակտիվները հօգուտ Ուկրաինայի

ByEditor

Dec 21, 2022

Կանադայի կառավարությունը կկալանավորի եւ դատարանի միջոցով կպահանջի $26 միլիոնի բռնագանձում Granite Capital Holdings ներդրումային ընկերությունից, որը «պատկանում է պատժամիջոցների տակ գտնվող ռուսաստանցի օլիգարխ Ռոման Աբրամովիչին»։

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Կանադայի ԱԳՆ ղեկավար Մելանի Ջոլին, նրա խոսքերը ներկայացված են երկրի կառավարության կայքում։

Կանադան առաջին անգամ է օգտագործում լիազորություններ, որոնք թույլ են տալիս կառավարությանը փորձել բռնագանձել պատժամիջոցների տակ գտնվող անձին պատկանող ակտիվները, ասված է հաղորդագրության մեջ:

Ջոլին կդիտարկի ակտիվի բռնագանձման համար դատարան դիմելու հնարավորությունը: Կանադան «Մեծ յոթնյակի» առաջին երկիրն է, որը կարող է նման միջոցներ ձեռնարկել, ասված է հայտարարության մեջ։ Եթե դատարանը հավանություն տա բռնագանձմանը, միջոցները կարող են օգտագործվել ՌԴ ռազմական գործողությունից հետո Ուկրաինան վերականգնելու եւ հակամարտությունից տուժածներին փոխհատուցելու համար, ակնկալում է Կանադայի կառավարությունը։

Աբրամովիչը Կանադայում պատժամիջոցների տակ էր հայտնվել այս տարվա մարտի 11-ին։ Միլիարդատիրոջ նկատմամբ սահմանափակումներ են մտցրել նաեւ Միացյալ Թագավորությունը եւ Եվրամիությունը։ Միաժամանակ, Աբրամովիչը չի ընդգրկվել ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում։

The Wall Street Journal-ը մարտին գրել էր, որ Վաշինգտոնը չէր դիմել սահմանափակումներին, ինչպես դա արեցին Լոնդոնը եւ Բրյուսելը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խորհրդակցություններից հետո, քանի որ Աբրամովիչը համարվեց պոտենցիալ կարեւոր միջնորդ Ռուսաստանի հետ Ուկրաինայի բանակցություններում։ Աբրամովիչն իսկապես նպաստել է երկու երկրների երկխոսությանն ու գերիների փոխանակմանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *