Մեկ տարի առաջ Տեր Զարեհ քահանա Աշուրյանը փողոցում հանդիպել է քարոզ անող «Եհովայի վկաներին», նրանց տեսանկարահանել եւ ասել՝ նրանք առնետների պես խորտակվող նավից փախչողներ են: «Դուք առնետներ եք, որ էս ազգը ներսից քայքայել եք»,-ասել էր քահանան։ «Հրապարակ»-ը տեղեկացավ, որ այդ միջադեպից հետո Եհովայի վկաները դատական հայց են ներկայացրել Տեր Աշուրյանի դեմ՝ պահանջելով ներողություն խնդրել եւ դրամական փոխհատուցում վճարել իրենց։ Քաղաքացիական գործը քննվել է Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատաքննությունն ավարտվել է, վճիռը կհրապարակվի մարտին։
Զարեհ Տեր քահանա Աշուրյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում, անդրադառնալով գործին ասաց՝ իրենից պահանջում են 3 միլիոն դրամ՝ որպես փոխհատուցում եւ հրապարակավ ներողություն հայտնել․ «Գործարար բարի համբավ, արժանապատվություն, զրպարտություն․ նման ձեւակերպում էին տվել, որոնք իրականում համեմատություններ էին, ոչ թե վիրավորական արտահայտություններ, ես կասեի։ Ես օրինակ եմ բերում, որ խորտակվող նավն առաջինը լքում են առնետները՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ երկիրը խնդրի առաջ կանգնած է, պատերազմի մեջ է, մարդիկ զենք չեն վերցնում, մեզ մեր խնդրի մեջ մենակ են թողնում»։ Նա դատարանից արդարադատություն է ակնկալում․ «Ես անձերին չեմ էլ ճանաչում, որ վիրավորեմ, իմ սկզբունքներին դեմ է վիրավորանքը որեւիցե ձեւով»։
Նշենք, որ սա Եհովայի վկաների առաջին հայցը չէ հանրային անձի կամ քաղաքացու դեմ։ «Դատալեքսում» բազմաթիվ հայցեր կան՝ վիրավորանքի եւ զրպարտության հայցադիմումներով՝ նրանց կողմից։ Դեռ 14 տարի առաջ նրանք դատի էին տվել այն ժամանակ Հանրային հեռուստաընկերության «Տեսանկյուն» հաղորդաշարի հեղինակ Գեւորգ Ալթունյանին՝ «Տեսանկյուն» հաղորդաշարի թողարկման հետ կապված, որի ընթացքում Ալթունյանն անդրադարձել էր նոյեմբերի 8-ին Սեւանում տեղի ունեցած դեպքին` երբ Արման Խաչիկի Թորոսյանը սեփական ծնողներին խոշտանգելով սպանել էր: