Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության գործով կրքերը չեն հանդարտվում. ընտանիքի հոր և պաշտպանի միջև ծեծկռտուք է եղել

Պեմզաշենում մոր և երկու երեխայի սպանության դեպքից ավելի քան երկու տարի անց իրավիճակը շարունակում է մնալ լարված։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ նախորդ դատական նիստերից մեկից հետո լարված իրավիճակը վերածվել է ծեծկռտուքի՝ կնոջն ու երկու երեխային կորցրած տղամարդու և սպանության գործով մեղադրյալ Արկադի Բարսեղյանի պաշտպանի միջև։ «Փաստինֆո»-ն տեղեկացել է, որ նույնիսկ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել ծեծկռտուքի մասնակիցներին։

Նշենք, որ քրեական գործն արդեն տևական ժամանակ է՝ գտնվում է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում՝ հիմնական դատալսումների փուլում։ Տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Գարիկ Գալիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ շարունակվում է վկաների հարցաքննությունը։ Ինչ վերաբերում է վիճաբանության վերաբերյալ տեղեկությանը, ապա փաստաբանն այն չի մեկնաբանել։

Հիշեցնենք, որ 2022թ. նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Գյուղի տներից մեկում հայտնաբերվել է երեք դի։

Մահացածներն են՝ մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը և 8 տարեկան որդին։ Իրավապահ մարմինները հայտնել էին, որ տան ննջասենյակի մեկտեղանի մահճակալին հայտնաբերվել է արական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հատվածում կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը և ոտքերը կապած վիճակում, նույն ննջասենյակի հատակին հայտնաբերվել է իգական սեռի երեխայի դի՝ կրծքավանդակի հետին մակերեսին և որովայնի հատվածներում կտրած-ծակած վերքերով, իգական սեռի դի՝ որովայնի և կրծքավանդակի հատվածներում ու կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վերքերով՝ ձեռքերը հետնամասում թելով կապված վիճակում: Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաև հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 41-ամյա տղամարդ։

Տղամարդիկ ազգականներ են, երկուսն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։ ՔԿ տարածած հաղորդագրության համաձայն՝ մեղադրյալները տուն մուտք են գործել՝ գումար հափշտակելու համար, սակայն, տանտիրուհուց իմանալով, որ տանը գումար չկա, իրենց կողմից կատարված հանցագործությունները թաքցնելու նպատակով, նախ կապել և միմյանց գործողությունները փոխլրացնելով՝ առանձին դաժանությամբ սպանել են կնոջը, ապա 32-ամյա տղամարդը, կատարված հանցանքները թաքցնելու նպատակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կապել է երեխաների ձեռքերն ու ոտքերը և խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ:

Տղամարդկանցից մեկին՝ 32-ամյա Վրույր Բարսեղյանին, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ և 13-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ և 13-րդ կետերով (երկու դրվագ)՝ այլ հանցանքը թաքցնելու նպատակով մի խումբ անձանց կողմից առանձին դաժանությամբ սպանության և անօգնական վիճակում գտնվող երկու անչափահասին առանձին դաժանությամբ սպանության համար, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության համար և 198-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 12 տարին չլրացած անձի նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություն կատարելու համար։ Մյուս մեղադրյալին՝ 41-ամյա Արկադի Բարսեղյանին, որը, ըստ մամուլի, Նիկոլ Փաշինյանի աջակիցն է, մեղադրանք է ներկայացվել՝ այլ հանցանքը թաքցնելու նպատակով մի խումբ անձանց կողմից սպանություն կատարելու և բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության համար։ Երկուսն էլ կալանավորված են։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *