Պաշտոնական Երևանն իրավունք ունի ինքնուրույն որոշել իր արտաքին քաղաքական վեկտորը՝ դա ինքնիշխան պետության իրավունքն է, սակայն կոչ եմ անում դիտարկել նման որոշումների գործնական կողմը՝ առանց ավելորդ քաղաքականացման և սև ու սպիտակի բաժանելու։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ապրանքներին, տվյալ դեպքում խոսքը Հայաստանի մասին է, ոչ ոք չի սպասում ոչ Եվրոպայում, ոչ ԱՄՆ-ում։ Եթե սպասեին, արդեն կվերցնեին, համաձայնեք։ Ո՞րն է խնդիրը։ Ինչո՞ւ չեն վերցնում, եթե այդքան ուզում են օգնել, իսկ ապրանքներն այնքան անփոխարինելի են։ Նրանք դրանք հենց այժմ էլ կվերցնեին», — ասում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Զախարովան նաև նշել է, որ 2024 թվականին ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ Հայաստանի առևտուրը զգալիորեն նվազել է և մոտավորապես 6 անգամ պակաս է Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունից։