«Newmag» հրատարակչությունը 2025 թվականին լույս կընծայի Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ, Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրական գիրքը:
Այս մասին հայտնում է «Newmag» հրատարակչության հիմնադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանը: «Երկրպագուների համար սպասված նորություն․ այս տարի հրատարակվելու է հանրահայտ ֆուտբոլիստի ինքնակենսագրականը։ Մխիթարյանը դեռևս «Newmag»-ի ամառային փառատոնի ընթացքում էր ակնարկել այս ծրագրի մասին, իսկ այս պահին գրքի վրա աշխատանքն ընթանում է ամբողջ թափով։ Գիրքը միաժամանակ կթարգմանվի և կհրատարակվի մի քանի լեզուներով»,-գրել է Ալեքսանյանը:
Մխիթարյանը ֆուտբոլիստի կարիերան սկսել է Երևանի «Փյունիկ»-ում, հաջորդաբար հանդես է եկել ուկրաինական «Մետալուրգ», «Շախտյոր», գերմանական «Բորուսիա Դորտմունդ», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ», իտալական «Ռոմա» ակումբներում: Հենրիխ Մխիթարյանն այժմ Միլանի «Ինտեր»-ի ֆուտբոլիստ է:
Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, 12 անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Հանրահայտ ֆուտբոլիստը ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանն է Հայաստանում: