Դոնալդ Թրամփը շարունակում է Կանադայի ուղղությամբ «էքսպանսիոն» տրամաբանությամբ հայտարարությունները, հյուսիսային հարևան երկիրը դիտարկելով ԱՄՆ նոր նահանգ: Ընտրված նախագահ Թրամփը Կանադայի վարչապետ Թրյուդոյին անվանում է նահանգապետ, իսկ Կանադայի հանրությանը խոստանում հարկերի նվազեցում, արդյունաբերական ներդրումներ և այլն: Թրամփը նույն տրամաբանությամբ է խոսում Գրենլանդիայի մասին, որն ուզում էր Դանիայից գնել դեռևս իր առաջին նախագահության շրջանում, նաև Պանամայի ջրանցքի առնչությամբ է անում այդօրինակ հայտարարություններ:
Իսկապես բարդ է ձևավորել այդ առնչությամբ գնահատական՝ Թրամփը զբաղված է պարզապես «տրոլինգո՞վ», այսպես ասած՝ մինչ պաշտոնամուտ մնացած ժամանակը լցնելու համար, թե՞ ԱՄՆ նոր նախագահը իր այդ մոտեցումներին արդեն պաշտոնական քաղաքականության կարգավիճակ է հաղորդելու, երբ հունվարի 20-ից կստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը: Այստեղ կա ուշադրության արժանի էական պահ: Փաստացի, Թրամփը իր այդ մոտեցումներով ԱՄՆ քաղաքականության մակարդակում ճանաչում է համաշխարհային սահմանների վերափոխման օրակարգը, կամ այլ կերպ ասած՝ ԱՄՆ պաշտոնապես «միացնում» է այդ օրակարգին:
Ըստ էության՝ հասկանալի է, որ գերտերությունները, ուժային կենտրոնները խոշոր հաշվով միշտ էլ եղել են այդ օրակարգի մեջ և պայքարել համաշխարհային ազդեցության համար: Սակայն, այդ պայքարում գործել է սահմանների անձեռնմխելիության կանոնը, որն առնվազն սահմանել է որոշակի ֆիզիկական արգելակներ և ստեղծել միջավայր, երբ համաշխարհային ազդեցության համար պայքարը ծավալվել է հիմնականում տնտեսա-քաղաքական տրամաբանությամբ, իսկ ռազմական բաղադրիչն ունեցել է խիստ հազվադեպ ու լոկալ կիրառում:
Երբ օրակարգում «առաջ է տրվում» նաև սահմանների վերանայման հարցը, արդեն նաև ԱՄՆ պաշտոնական «տեսլականով», ապա այստեղ մեծ է հավանականությունը, որ կլինի համաշխարհային հիբրիդային պատերազմի նոր տրանսֆորմացիա, նոր փուլ: Սա ուշադրության է արժանի Հայաստանի համար, քանի որ Հայաստանն այդ փուլում է մեկնարկային մեղմ ասած խիստ զգայուն պայմաններով: Հետևաբար, եթե գործ ունենք վերոհիշյալ տրանսֆորմացիայի իրական ռիսկի հետ, ապա դա բնականաբար պահանջելու է ռիսկերի սթափ ու սառնասիրտ գնահատում և դրանից բխող եզրահանգումներ, այդ ռիսկերը և դրանց կովկասյան մետաստազները չեզոքացնելու համար: