«Վիվա Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարում է Ovio ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ձեռքբերման գործարքի կնքման մասին։
Գործարքը ռազմավարական քայլ է Viva-ի զարգացման ուղղությամբ։ Ընկերությունը նպատակ ունի ձևավորելու լիարժեք կոնվերգենտ հարթակ, որը մեկ միասնական էկոհամակարգում կմիավորի շարժական կապը, ֆիքսված ինտերնետը, հեռուստատեսությունը, հեռահաղորդակցային տրանսպորտային ենթակառուցվածքը և թվային ծառայությունները։
Viva-ի առանցքային ռազմավարական առավելությունը թվային կոնվերգենտությունն է՝ մոդել, որի շրջանակում շարժական և ֆիքսված կապի ծառայությունները, բովանդակային, ամպային և այլ թվային ծառայությունները միավորվում են՝ ձևավորելով հաճախորդների համար համալիր լուծումներ։
Viva-ի կառուցվածքում լիարժեք ֆիքսված կապի ծառայությունների սեգմենտի առկայությունն ընկերությանը հնարավորություն կտա ոչ միայն ամրապնդելու իր ենթակառուցվածքային ներուժը, այլև բարձրացնելու պրոդուկտային առաջնորդության մակարդակը՝ ապահովելով ծառայությունների և լուծումների պորտֆելի առավելագույն դիվերսիֆիկացում։
Ovio-ի ինտեգրումը կընդլայնի Viva-ի հնարավորությունները ֆիքսված կապի ծառայությունների սեգմենտում, կհզորացնի ընկերության օպտիկամանրաթելային, մալուխային և ռադիոռելեական ենթակառուցվածքը, ինչպես նաև հիմք կստեղծի ազգային մասշտաբի առավել հզոր, կայուն և արդյունավետ՝ հեռահաղորդակցային տրանսպորտային ցանցի ձևավորման համար։ Ակտիվների միավորումը հնարավորություն կտա ավելի արագ գործարկելու կոնվերգենտ ծառայություններ, ձևավորելու ավելի շահավետ փաթեթային առաջարկներ և զարգացնելու թվային բիզնեսի նոր ուղղություններ՝ ֆիզիկական անձանց, կորպորատիվ և պետական հաճախորդների համար։
Կարևոր է նաև ժամանակակից սերտիֆիկացված տվյալների կենտրոնը (Data Center), որը կուժեղացնի Viva-ի ենթակառուցվածքային հնարավորություններն ամպային ծառայությունների, տվյալների պահպանման և մշակման ոլորտներում։ Սեփական տվյալների կենտրոնի առկայությունն ընկերությանը հնարավորություն կտա ստեղծել լրացուցիչ հիմք նոր սերնդի ծառայությունների զարգացման համար, ներառյալ՝ արհեստական բանականության և այլ առաջադեմ թվային տեխնոլոգիաների վրա հիմնված լուծումները։

.png)
.png)