Պակիստանի պաշտպանության նախարար Խավաջա Ասիֆը սոցիալական ցանցերում քննադատության է ենթարկվել այն բանից հետո, երբ աֆղան լրագրողուհու՝ Աֆղանստանում կանանց վիճակի մասին հարցին պատասխանելիս ձեռքով կոկորդը կտրելու շարժում է արել։ Միջադեպը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում, հայտնում է The Times of India.
Լրագրողուհին Ասիֆին հարցրել է, թե ինչ ուղերձ կցանկանար Պակիստանը հղել «Թալիբան» շարժմանը՝ կապված աֆղան կանանց նկատմամբ նրա քաղաքականության հետ, ինչպես նաև թե ինչու Իսլամաբադը չէր փորձել ազդել այդ քաղաքականության վրա այն շրջանում, երբ թալիբներին իր դաշնակիցներն էր համարում։
«Ի՞նչ ուղերձ ունեք հիմա «Թալիբանին»։ Որ նրանք փոխե՞ն իրենց քաղաքականությունը աֆղան կանանց նկատմամբ։ Ինչո՞ւ Պակիստանը սկզբում նրանց դա չսովորեցրեց»,— հարցրել է լրագրողուհին՝ համաձայն սոցիալական ցանցերում հրապարակված զրույցի տեսագրության։
Ասիֆը ընդհատել է նրան և պատասխանի փոխարեն ցույց տվել նրա հագուստը։ «Այդպես մի՛ վերադարձեք այնտեղ։ Այլապես նրանք...» — ասել է նախարարը, ապա ձեռքը տարել է կոկորդի վրայով։
Հենց այս ժեստն է սոցիալական ցանցերում առաջացրել ամենասուր արձագանքը։ Օգտատերերը հայտարարել են, որ այն կարող է ընկալվել որպես ակնարկ լրագրողուհուն սպանությամբ սպառնալու մասին, եթե նա վերադառնա Աֆղանստան։ Քննադատության է արժանացել նաև այն, որ Ասիֆի խոսքերից հետո նա և նրա կողքին գտնվող տղամարդիկ ծիծաղել են։
Միջադեպը տեղի է ունեցել Պակիստանի և Աֆղանստանի հարաբերությունների նոր սրման ֆոնին։ Պակիստանը ավելի վաղ հայտարարել էր Աֆղանստանի տարածքում տասը օբյեկտի ուղղությամբ ավիացիոն և անօդաչու հարվածներ հասցնելու մասին։ Պակիստանի դաշնային տեղեկատվության նախարար Աթաուլլա Տարարը գործողությունն անվանել է «կետային» և հայտարարել, որ այն պատասխան էր աֆղանական տարածքից իրականացված անօդաչու սարքերի հարձակումներին։ Ըստ նրա, հարվածները հասցվել են այն օբյեկտներին, որոնք, ենթադրաբար, օգտագործվում էին անօդաչու սարքերի արձակման և պահեստավորման համար։
Աֆղանական կողմը դատապարտել է հարվածները՝ դրանք անվանելով ագրեսիա։ Աֆղանական իշխանությունների ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը հայտարարել է, որ հարձակման հետևանքով զոհվել է չորս աֆղան, և զգուշացրել է Պակիստանին լուրջ հետևանքների մասին։
Այս ֆոնին լրագրողուհու հարցը վերաբերում էր ոչ միայն աֆղան կանանց վիճակին, այլև «Թալիբանի» հետ հարաբերությունների համար Պակիստանի պատասխանատվությանը։ Ասիֆը, հրապարակված տեսանյութում հարցին բովանդակային պատասխան չի տվել։

.png)
.png)