Շանհայում մեկնարկել է CIIE-2026-ը. ՉԺՀ փոխվարչապետը ցուցահանդեսն անվանել է աշխարհի ընդհանուր ընտրություն

Շանհայը համաշխարհային ուշադրության կենտրոնում է՝ միավորելով բաց լինելու և համատեղ բարգավաճման երկրների ձգտումը։ Այս մասին նոյեմբերի 5-ին՝ Չինաստանի ներմուծման միջազգային 9-րդ ցուցահանդեսի (CIIE) բացման արարողության ժամանակ հայտարարել է ՉԺՀ Պետական խորհրդի փոխվարչապետ Դին Սյուեսյանը։

Նրա խոսքով՝ ցուցահանդեսի անցկացումը դարձել է առևտրի ազատականացման ու տնտեսական գլոբալացման պաշտպանությանն ուղղված, ինչպես նաև սեփական շուկան աշխարհի առջև ակտիվորեն բացելու Չինաստանի կարևորագույն նախաձեռնությունը։ «Ներմուծման ցուցահանդեսը Չինաստանի միակողմանի հրավերից վերածվել է բոլոր կողմերի համատեղ հանձնառության, իսկ բաց լինելու չինական նախաձեռնությունից՝ ողջ աշխարհի ընդհանուր ընտրության»,— ընդգծել է ՉԺՀ փոխվարչապետը։

Դին Սյուեսյանը նշել է, որ երկիրը նպատակաուղղված վերացնում է խոչընդոտներն ու ընդլայնում իր շուկայի հասանելիությունը. Չինաստանում մաքսատուրքերի ընդհանուր մակարդակն արդեն նվազել է՝ հասնելով 7,3 տոկոսի, իսկ ՉԺՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցող աֆրիկյան բոլոր թույլ զարգացած երկրների համար սահմանվել է զրոյական սակագին։

Իր ելույթում ՉԺՀ փոխվարչապետն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել զարգացող պետությունների գործնական աջակցությանն ու մատակարարման միջազգային շղթաներում նրանց ինտեգրմանը։ «Մենք մեր փորձով կիսվում ենք զարգացող երկրների հետ և աջակցում Հարավարևելյան Ասիայում, Աֆրիկայում ու դրանց սահմաններից դուրս տարբեր արդյունաբերական պարկերի ստեղծմանը, ինչը նպաստում է տեղում զբաղվածության ապահովմանը, արդյունաբերականացմանը և առևտրի պայմանների բարելավմանը»,— նշել է Դին Սյուեսյանը՝ հերքելով Չինաստանի կողմից այլ տնտեսությունների, այսպես կոչված, «դուրսմղման» մասին վարկածները։