Ozon առցանց հարթակը վաճառողների մի մասին տեղեկացրել է, որ իր պահեստներում պահվող որոշ ապրանքներ կտեղափոխվեն պատվերների հանձնման մոտակա կետեր

Ozon առցանց հարթակը վաճառողների մի մասին տեղեկացրել է, որ իր պահեստներում պահվող որոշ ապրանքներ կտեղափոխվեն պատվերների հանձնման մոտակա կետեր: Այս մասին գրում է «Կոմերսանտը»՝ հղում անելով ընկերության ծանուցմանը։

Վաճառողները տեղափոխման համար ծախսեր չեն կրի։ Վաճառողներից մեկը թերթին պատմել է, որ հարթակն ապրանքները կենտրոններ է սկսել տեղափոխել օգոստոսի 2-ի գիշերը։ Իրավիճակին ծանոթ պարբերականի զրուցակիցը հայտնել է, որ նման միջոցառումները տարածվում են ապրանքների սահմանափակ կատեգորիայի վրա։ Սա հաստատել է «Մոյ Սկլադ» ծառայության գլխավոր տնօրեն Ասկար Ռախիմբերդիևը՝ նշելով, որ խոսքը թանկարժեք ապրանքների՝ հիմնականում տեխնիկայի և էլեկտրոնիկայի տեղափոխման մասին է։

Մարկետփլեյսների և ձեռնարկատերերի զարգացման միջազգային ասոցիացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մոլոդիխի կարծիքով՝ Ozon-ի այս նախաձեռնությունը կարող է կապված լինել առցանց առևտրի օբյեկտների վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակումների ռիսկերը նվազագույնի հասցնելու ցանկության հետ։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Ozon-ի ստանդարտ կենտրոններն ունեն 10-ից 30 քառակուսի մետր տարածք, հետևաբար այնտեղ երկար ժամանակով մեծ քանակությամբ թանկարժեք ապրանքներ տեղավորելն անհնար է՝ առանց կետի հիմնական գործառնական գործունեությանը վնաս հասցնելու։

Ozon-ում հրաժարվել են մեկնաբանություններից։ Ինչպես նշում է «Կոմերսանտը», այժմ հարթակն ամբողջ երկրում ունի պատվերների թողարկման ավելի քան 85 հազար կետ։

Ուկրաինան հուլիսի կեսերից պարբերաբար հարձակվում է Wildberries-ի լոգիստիկ կենտրոնների վրա։ Օգոստոսի 4-ի առավոտյան տվյալներով՝ հարձակման է ենթարկվել մարկետփլեյսի առնվազն 20 պահեստ։ Փորձագետները կարծում են, որ պահեստներում բռնկված հրդեհների հետևանքով Wildberries-ի վաճառողները կարող են շուրջ 215–280 միլիարդ ռուբլի կորցնել։

Ozon-ի պահեստները չեն հայտնվել ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման թիրախում։

Հունիսին Ozon-ը (իսկ այնուհետև նաև Wildberries-ը) փոխել է մարկետփլեյսի և վաճառողի միջև համաձայնագրի պայմանները. այժմ այնտեղ նշված է, որ ընկերությունը չի փոխհատուցի վաճառողին ապրանքի կորուստը կամ վնասումը, եթե դրա պատճառը դարձել են ռազմական գործողությունները, արտակարգ իրավիճակի ռեժիմը, գնդակոծությունը, զանգվածային անկարգությունները և «նմանատիպ այլ հանգամանքները»։