Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 12-ին հեռախոսազրույց է ունեցել Եգիպտոսի արտաքին գործերի, միջազգային համագործակցության և արտերկրում բնակվող եգիպտացիների հարցերով նախարար Բադր Աբդելատիի հետ։
Ինչպես հայտնել են Kommersant.am-ին հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մամուլի ծառայությունից, զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջ։
Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղությամբ իրականացվող աշխատանքը։ Ընդգծվել է Եգիպտոսի աջակցությունը խաղաղության օրակարգին։
Անդրադառնալով բազմակողմ հարթակներում առկա հարցերին՝ Հայաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ քննարկվող հարցերի դինամիկան և բովանդակությունը պետք է համապատասխանեն խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերին և նպաստեն դրանց։
Միրզոյանն ու Աբդելատին քննարկել են Հայաստանի և Եգիպտոսի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները, ներառյալ՝ առևտրատնտեսական և գործարար կապերի, զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների և առողջապահության ոլորտներում կոնկրետ ծրագրերի միջոցով։

.png)
.png)