Մայր Աթոռի բարձրաստիճան կղերականները կաթողիկոսի օրհնությամբ եկեղեցին ներքաշեցին քաղաքական դաշտի մեջ․ ՍԴՀԿ

«Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը» հաղորդագրություն է հրապարակել՝ հայտնելով, որ շարունակում է խոր մտահոգությամբ հետևել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնից ներս և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, որոնք, ըստ հաղորդագրության, «հուզում են յուրաքանչյուր հայու հոգին՝ անկախ դավանանքային պատկանելիությունից»:

«Աներկբա է, որ ներկա ճգնաժամի գլխավոր դրդապատճառը քաղաքական է և սկիզբ առավ այն պահից, երբ Գարեգին Բ կաթողիկոսը միացավ վարչապետի հրաժարականի պահանջին։

Ավելին՝ ընդդիմության նախաձեռնած իշխանափոխության մի քանի ձախող փորձերից հետո Մայր Աթոռի որոշ բարձրաստիճան կղերականներ փաստորեն վերցրին այդ գործընթացի առաջնորդությունը՝ այդպիսով եկեղեցին ներքաշելով քաղաքական պայքարի հորձանուտ:

Անշուշտ, նրանք նման քայլի մը չէին կարող դիմել առանց Էջմիածնի գահակալի անմիջական համաձայնության և օրհնության:

Այդ ընթացքում Մայր Աթոռի մի շարք հոգևորականների մասին սկսեցին ի հայտ գալ տարատեսակ բացայայտումներ և խախտումներ, որոնք առ այսօր չեն արժանացել Մայր Աթոռի հստակ և համոզիչ հաստատումին, հերքումին կամ պատշաճ տնօրինության:

Այս ամենը մեզ մղում են մտածելու, որ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի վարչական համակարգից ներս տիրում է նախորդ իշխանությունների գործելաոճին համահունչ իրողություն, ուր բացակա է թափանցիկ հաշուետվությունը, և առկա են օրենքների շրջանցումն ու անձնական նախասիրությունների կիրառումը։ Հայ առաքելական եկեղեցին ազգային կառույց է, և որպես մեր ազգի հոգևոր պատկեր ընդունելի չի, որ նրա երկնակամարը ծածկված լինի կասկածի ու առեղծվածի սև ամպերով:

Մենք տասնամեակներ շարունակ պայքարել ենք Մայր Աթոռի գերակայությունը պաշտպանելու համար, և մեզ համար մեծ ցավ է տեսնել եկեղեցու շուրջ տեղի ունեցող այս անհաճո զարգացումները։

Սբ. Էջմիածնի հոգևոր-վարչական կառույցը արմատական վերանայման կարիքն ունի, և այդ առումով մենք ողջունում ենք տիրող իրավիճակից դուրս գալու նպատակով մի խումբ եպիսկոպոսների կողմից վերջերս հրապարակված հայտարարությունը և միանում ենք կաթողիկոսին ուղղված նրանց հորդորին։ Հայ առաքելական եկեղեցին ինքնամաքրման և վերանորոգման հրամայականի առջև է այսօր»,- ասվում է հայտարարության մեջ: