Թուրքիան ձգտում է ամրապնդել պաշտպանական համագործակցությունը Ֆրանսիայի հետ, որպեսզի ընդլայնի եվրոպական ռազմական տեխնոլոգիաներին հասանելիությունը և օգտվի Եվրոպայի երկրների պաշտպանության վրա ծախսերի սպասվող աճից։ Անկարան նաև հույս ունի առաջ տանել ավելի լայն տնտեսական նպատակներ, այդ թվում՝ Եվրամիության հետ մաքսային միության արդիականացումը և երկրի դերի ամրապնդումը որպես Ասիայի ու Եվրոպայի միջև տրանսպորտային-էներգետիկ հանգույց, հայտնում է հունական Kathimerini թերթը։
Թուրքիայի և Ֆրանսիայի համագործակցության ճանապարհային քարտեզը նախատեսում է համատեղ պայքար հիբրիդային սպառնալիքների դեմ, հետախուզական տեղեկատվության փոխանակում, համագործակցություն հակաօդային պաշտպանության ոլորտում և ռազմական համակարգերի համատեղելիության բարձրացում։
Բանակցությունները զարգացնում են ապրիլին ակտիվացած շփումները։ Մասնավորապես, Թուրքիան ձգտում է հասանելիություն ստանալ SAMP/T NG հակաօդային պաշտպանության համակարգին, որն արտադրում է ֆրանս-իտալական Eurosam կոնսորցիումը։ Իտալիան արդեն համաձայնել է աջակցել Անկարայի դիմումին, մինչդեռ Ֆրանսիան դեռևս դիտարկում է այն։
Համագործակցությունը զարգանում է նաև պաշտպանական արդյունաբերությունում։ Ֆրանսիական Safran ընկերությունը պայմանավորվել է թուրքական անօդաչու թռչող սարքեր արտադրող Baykar-ի հետ՝ Bayraktar TB2 սարքերը ֆրանսիական Euroflir օպտիկա-էլեկտրոնային համակարգերով համալրելու վերաբերյալ։ Անկարան և Փարիզը նաև համաձայնեցրել են համագործակցություն նավիգացիոն և նշանառության համակարգերի, ինչպես նաև բարձր ճշգրտության զենքերի մշակման գործում։
Թուրքիան գնում է նաև եվրոպական այլ սպառազինություններ, այդ թվում՝ Eurofighter կործանիչներ, որոնք, ինչպես սպասվում է, կկարողանան կիրառել Meteor «օդ-օդ» դասի հրթիռներ։ Հունաստանն արդեն օգտագործում է այս հրթիռները իր Rafale-ների վրա և նախատեսում է դրանք ինտեգրել F-35 կործանիչների սպառազինության մեջ։
Միևնույն ժամանակ երկու երկրների պաշտպանական կարողությունները զարգանում են տարբեր կերպ։ Հունաստանը շարունակում է F-35-ների ձեռքբերման ծրագիրը, մինչդեռ Թուրքիան բախվում է խոչընդոտների, որոնք առաջին հերթին կապված են ամերիկյան բյուրոկրատական ընթացակարգերի և ռուսաստանյան С-400 զենիթահրթիռային համալիրների գնման հետ։
Kathimerini-ի տվյալներով, Անկարային անհանգստացնում են նաև Աթենքի՝ ամերիկյան Stryker զրահամեքենաներ ստանալու ծրագրերը։ Գերմանիայում պահվող մոտ 500 մեքենաներից Հունաստանը մտադիր է ձեռք բերել շուրջ 250-ը, իսկ տեխնիկայի մի մասը կարող է տեղակայվել Էգեյան ծովի արևելյան հատվածի կղզիներում։
Բացի ռազմական գնումներից, Թուրքիան ձգտում է արդիականացնել ԵՄ-ի հետ մաքսային միությունը և ցանկանում է դառնալ կարևոր էներգետիկ ու առևտրային կենտրոն, որը Եվրոպան կապում է Ասիայի հետ։ Սակայն եվրոպական երկրներում քաղաքական անկայունությունը կարող է մինչև 2027 թվականը դանդաղեցնել այս նախաձեռնությունների առաջընթացը։

.png)
.png)