Nvidia ընկերության տեխնոլոգիաների կիրառմամբ տվյալների մշակման կենտրոնի գործարկման շնորհիվ Հայաստանը վերածվում է արհեստական բանականության ամերիկյան ենթակառուցվածքային հաբի։ Այդ մասին հաղորդում է Bloombergգործակալությունը։
Պարբերականի տեղեկություններով՝ օգոստոսին ամերիկյան «Firebird» ստարտափը տվյալների կենտրոն է շահագործման հանձնել Հրազդան քաղաքում, որը գտնվում է Երևանից 45 կմ հեռավորության վրա։ Սպասվում է, որ մինչև 2027 թվականի վերջը օբյեկտի հզորությունը կհասնի 300 ՄՎտ-ի, իսկ դրա տեխնիկական հիմքը կկազմեն ամերիկյան «Nvidia» ընկերության ավելի քան 70 հազար առաջատար չիպերը։ Նշվում է նաև, որ կենտրոնի ռեսուրսների 20%-ը ամրագրված է երկրի ներքին կարիքների համար, իսկ մնացած 80%-ը վարձակալությամբ կտրամադրվի արտասահմանյան ընկերություններին։ «Firebird» ստարտափից հայտնել են, որ Հրազդանի տվյալների կենտրոնը կարող է դառնալ տարածաշրջանի ամենախոշոր հաշվարկային կլաստերը և խոշորագույններից մեկը Եվրոպայում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «The Wall Street Journal»-ը, Վաշինգտոնը «Nvidia»-ի ԱԲ չիպերի արտահանման թույլտվությունն օգտագործել է որպես դիվանագիտական գործիք․ Միացյալ Նահանգներն ակնկալում էր, որ ԱՄՆ-ի հետ տնտեսական խորացող համագործակցությունը Երևանին դրդելու է ավելի կառուցողական դիրքորոշում որդեգրել Բաքվի հետ խաղաղության բանակցություններում։
«Nvidia»-ն ամերիկյան տեխնոլոգիական ընկերություն է, գրաֆիկական պրոցեսորների և այլ չիպերի մշակող, որը հիմնադրվել է 1993 թվականին։ Ընկերության կենտրոնակայանը գտնվում է Սանտա Կլարա քաղաքում (Կալիֆոռնիա նահանգ): Ընկերության մշակումները լայն տարածում են գտել արհեստական բանականության, տեսախաղերի և ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտներում։

.png)
.png)