Հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հանդիպումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության ընթացքը և դրա ընդլայնման հեռանկարները։ Կողմերը կարևորել են համատեղ նախաձեռնությունների իրականացումը ժողովրդավարության ամրապնդման, օրենքի գերակայության, տարածաշրջանային կայունության և տնտեսական զարգացման ոլորտներում։

Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել Հայաստանի նկատմամբ Եվրոպական խորհրդարանի շարունակական ուշադրությունն ու աջակցությունը՝ ընդգծելով ԵՄ-ի հետ համագործակցության խորացման և գործընկերության օրակարգը։
Իր հերթին Ռոբերտա Մեցոլան վերահաստատել է Եվրոպական խորհրդարանի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Հայաստանին ժողովրդավարական բարեփոխումների, ինստիտուցիոնալ զարգացման և խաղաղության օրակարգի ամրապնդման գործում։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների, Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման և TRIPP նախագծի շուրջ։