Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։
Ողջունելով դեսպանին՝ Պաշտպանը շնորհավորել է նրան կարևոր և պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն և արդյունավետ աշխատանք։
Հանդիպման ընթացքում Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները, որոնք ներառում են կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, զինված ուժերում, քրեական վարույթի շրջանակներում մարդու իրավունքների, քաղաքացիական, սոցիալ-տնտեսական իրավունքների, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի, բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության և այլ ոլորտները։
Պաշտպանը կարևորել է գենդերային և ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ նշելով նաև Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու անհրաժեշտությունը։ Նա ընդգծել է կանանց իրավունքների պաշտպանության և խթանման ուղղությամբ քայլերի շարունակականության կարևորությունը։
Դեսպան Անդրեա Բարբարա Բաումանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։