Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբաս Արաքչիի հետ՝ քննարկելու Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակը։
Բանակցություններին ռուսական կողմից մասնակցել են նաև նախագահի օգնական Յուրի Ուշակովը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ինչպես նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության պետ Իգոր Կոստյուկովը։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է լայնածավալ գործողություն Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով գաղտնի միջուկային ծրագիր իրականացնելու մեջ։ Հարվածների արդյունքում զոհվել են մի շարք իրանցի բարձրաստիճան զինվորականներ և միջուկային գիտնականներ։
Ի պատասխան՝ Իրանը սկսել է «Ճշմարիտ խոստում 3» գործողությունը՝ թիրախավորելով հակառակորդի ռազմական օբյեկտները։