Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով, քիչ առաջ հայտնեց ռուսաստանաբնակ միլիարդատիրոջ փաստաբան Արմեն Ֆերոյանը: Մյուս փաստաբանը՝ Լիանա Գասպարյանը հայտնեց, որ իրենց տեղեկություններով քննիչը միջնորդել է կալանավորել Կարապետյանին, այս միջնորդությունը քննվելու է Ավանի դատարանում:
Փաստաբանները ապօրինի որակեցին մեղադրանքը, հայտնեցին, որ Կարապետյանը այն չի ընդունում:
«Յուրաքանչյուր անձ կարող է այդ տեսանյութը դիտել և գնահատել՝ դա հանցագործություն է, թե հանցագործություն չէ», — ասաց փաստաբանը:
59-ամյա Կարապետյանը երեկ News.am-ին տված հարցազրույցում պաշտպանել էր Հայ առաքելական եկեղեցուն. — «Փոքրիկ խմբակը, մոռանալով հայոց պատմությունը, Հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է Հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ Հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին», — մասնավորապես ասել էր գործարարը:
Նրա այս հայտարարությունից հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց սպառնալից գրառումներ անել Ֆեյսբուքում, երեք ժամ անց իրավապահները շրջապատեցին Կարապետյանի առանձնատունը, այնտեղ մինչև ուշ գիշեր գործողություն էր իրականացվում: Փաշինյանն այսօր արդեն խոսում է Կարապետյանին պատկանող «ՀԷՑ»-ը ազգայնացնելու մասին:
Կարապետյանի աջակիցներն այժմ հավաքված են Քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության շենքի դիմաց:
Քննչական կոմիտեն դեռ պաշտոնական տեղեկություն չի տրամադրել: