Ստամբուլում այսօր եռամյա ընդմիջումից հետո տեղի կունենան ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին ուշ երեկոյան ասել է, որ ուկրաինական պատվիրակության կազմի մասին կհայտարարի, երբ հայտնի լինի, թե ովքեր են ներկայացնելու Ռուսաստանը։
Միաժամանակ այս գիշեր նրա ինքնաթիռն ուղղություն է վերցրել դեպի Թուրքիա։
Այսօր Անկարայում նախատեսված է Զելենսկու հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Թուրքիայում է արդեն նաեւ ռուսական պատվիրակությունը։ Գիշերը Մոսկվայի մարզի «Չկալովսկ» օդանավակայանից դեպի Ստամբուլ ուղղություն է վերցրել «Ռոսիա» պաշտոնական ավիախմբի հատուկ ինքնաթիռը եւ վայրէջք կատարել «Աթաթուրքի» օդանավակայանում։
Կրեմլն այս թռիչքից քիչ առաջ հրապարակել է ռուսական պատվիրակության կազմը, որը ղեկավարում է նախագահ Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Նա Ռուսաստանի մշակույթի նախկին նախարարն էր, որը առաջ է քաշում ռուսների, ուկրաինացիների եւ բելառուսների մեկ ժողովուրդ լինելու գաղափարը։
Ռուսական պատվիրակության մեջ են նաեւ արտաքին գործերի եւ պաշտպանության փոխնախարարները, ռազմական հետախուզության պետը եւ չորս փորձագետ։
Ռուսական պատվիրակության կազմը հայտնի դառնալուն զուգահեռ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը ասել է, որ նախագահ Թրամփը Ստամբուլ չի մեկնի։ Մինչ այս` Թրամփը չէր բացառում իր այցը Թուրքիա, եթե այնտեղ մեկնի նաեւ Պուտինը։
Բայց Թուրքիա է մեկնել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Անթալիայում նախօրեին ուշ երեկոյան նա հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ։
Չինաստան մեկնելու ճանապարհին երեկ Մոսկվայում կարճատեւ վայրէջք էր կատարել նաեւ Բրազիլիայի նախագահի ինքնաթիռը։ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի աշխատակազմից հայտնել էին, որ նախագահը կարողացել է միայն հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ։ Դա Սիլվան Պուտինին կոչ էր արել անձամբ մասնակցել Ստամբուլի բանակցություններին։