Հնդկաստանը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Պակիստանին և Քաշմիրի` Պակիստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներին։
«Հնդկաստանի զինված ուժերը սկսել են «Սինդուր» գործողությունը՝ թիրախավորելով Պակիստանում և Պակիստանի կողմից օկուպացված Ջամմուում և Քաշմիրում գտնվող ահաբեկչական ենթակառուցվածքները, որտեղից պլանավորվել և իրականացվել են Հնդկաստանի դեմ ահաբեկչական հարձակումները», — ասվում է հայտարարության մեջ։
Հնդկաստանի պաշտոնյաները պնդում են, որ հրթիռային հարվածներ են հասցրել իսլամիստական զինյալ խմբավորումների հետ կապված ինը օբյեկտի։
«Մեր գործողությունները նպատակային էին, չափված և բնույթով չէին հանգեցնում լարվածության սրման։ Պակիստանի ռազմական որևէ օբյեկտ չի ենթարկվել հարձակման։ Հնդկաստանը զգալի զսպվածություն է ցուցաբերել թիրախների ընտրության և դրանց դեմ պայքարի մեթոդների հարցում», — հայտարարել է Հնդկաստանը։
Հնդկաստանի ռազմական շրջանակներում անանուն աղբյուրը հայտնել է, որ հրթիռային հարվածների թիրախում են եղել միայն իսլամիստական խմբավորումների բազաները։
Պակիստանի բանակը հայտարարել է, որ հարվածի տակ են եղել քաղաքացիական բնակավայրերը, ոչ թե ահաբեկիչները։ Նշվում է, որ Հնդկաստանի հարվածների հետևանքով զոհվել է ութ մարդ, վիրավորվել՝ 35-ը, իսկ երկուսը անհետ կորել են։
Պակիստանի վարչապետ Միան Մուհամմադ Շահբազ Շարիֆը հայտարարություն է տարածել՝ խոստանալով պատասխանել Հնդկաստանին։
Հնդկական կողմից ստացված հաղորդագրությունների համաձայն, Պակիստանի բանակը հրետանային կրակ է բացել Քաշմիրի բաժանարար գծի վրա։
Ավելի ուշ Պակիստանի բանակի խոսնակը հայտարարել է, որ Պակիստանը խոցել է հինգ հնդկական ռազմական ինքնաթիռ՝ երեք ֆրանսիական Rafale կործանիչ և երկու ռուսական ինքնաթիռ՝ Су-30МКИ և МиГ-29։ Հնդկական կողմից դեռևս որևէ հաստատում կամ հերքում չկա։
Բացի այդ, Պակիստանի բանակը պնդում է, որ ոչնչացրել է հնդկական բրիգադներից մեկի շտաբը։