Մինչև երեքշաբթի օրը Ազգային ժողովի պատգամավորներ, նախկին ՔՊ-ականներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնադրած կուսակցությունը կորոշի՝ մասնակցելո՞ւ են Գյումրու ՏԻՄ ընտրություններին, թե՞ ոչ։ Այս մասին «Եվրոմեդիա 24»-ի հարցին ի պատասխան ասաց Հովիկ Աղազարյանը՝ նշելով, որ կուսակցությունը դեռևս գրանցված չէ, իրենք դեռ հայտը չեն ներկայացրել, մոտակա օրերին կներկայացնեն։
Աղազարյանից հետաքրքրվեցինք՝ եթե որոշեն մասնակցել, հնարավո՞ր է, որ ինքը գլխավորի նախընտրական ցուցակը, Աղազարյանը նպատակահարմար չգտավ այս հարցին պատասխանել՝ ասելով, որ կուսակցությունը դեռևս որոշում չունի։
ԱԺ պատգամավորից հետաքրքրվեցինք, թե իրենց կուսակցությունը քանի անդամ ունի, պարզվեց, որ 460 հոգի արդեն անդամագրվել է կուսակցությանը։
Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը հեռացվեցին ՔՊ-ից, քանի որ Աղազարյանի հեռախոսի ուսումնասիրություն էին արել ու պարզել, որ նա լրատվամիջոցներին տեղեկություններ է տալիս։ Նիկոլ Փաշինյանն Աղազարյանին հրահանգել էր վայր դնել մանդատը, սակայն նա հրաժարվեց դա անել ու այժմ Ազգային ժողովի անկախ պատգամավոր է։ Լքելով «Քաղաքացիական պայմանագիրը»՝ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, ով Աղազարյանի հետ միասին լքել էր ՔՊ-ն, հիմնեցին «Միասնական ազգային սահմանադրական կուսակցությունը» (ՄԱՍԿ)։