• Sat. Jul 6th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Գրիգոր Մինասյանի աշխատավարձը 1 տարում աճել է շուրջ 7 մլն դրամով․ նա 80 մլն դրամով բնակարանն է վերանորոգել

ByEditor

Jun 29, 2024

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի եկամուտն անցած տարի կազմել է 280․1 մլն դրամ, որից 20․9 մլն դրամը աշխատավարձ է ստացել արդարադատության նախարարությունից։ Այս մասին Banksnews.am-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում հրապարակված 2023 թվականի հայտարարագրից։

Նշենք, որ Արդարադատության նախարարությունից 2022 թվականին նրա ստացած եկամուտը կազմել է շուրջ 13,5 մլն դրամ։ Այսինքն՝ նախորդ տարվա համեմատ նրա աշխատավարձը տարեկան կտրվածքով աճել է մոտ 7,4 մլն դրամով։

Բացի այդ՝ նա

1869 եվրո այլ եկամուտ է ստացել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունից
478 հազար դրամ այլ եկամուտ` HSBC Բանկ Հայաստանից,
19 800 եվրո գույքի վարձակալությունից վճար՝ Մարիա Չեռնիցկայայից,
2․5մլն դրամ հիփոթեքի եկամտահարկի վերադարձ՝ ֆինանսների նախարարությունից,
127․8 մլն դրամ գույքի վաճառքի գումար՝ Հովհաննես Դուրգարյանից,
21․5 մլն դրամ տարածքի վարձակալության դիմաց վճար՝ «Էյ Էմ» իրավաբանական ընկերությունից և 47․1 մլն դրամ շահաբաժին,
վարձակալության դիմաց վճար՝ 440 հազար դրամ «ՇԱԲԱԹ ԷՅ ԷՄ»-ից,
324 հազար դրամ «ՓՐՈՖ ԹԱՔՍ» ընկերությունից,
4․9 մլն դրամ` «ԳՐԻՆՎՈՒԴ» ընկերությունից։
Արդարադատության նախարարը նաև 45 մլն դրամ վարկ է ստացել Մելլաթ բանկից։

Մինասյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է`

հողամաս և առանձնատուն Երևանում,
2 բնակարան Երևանում,
2 ավտոտնակ,
1 հասարակական նշանակության շինություն,
բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք,
1 ավտոկայանատեղի,
Բուլղարիայում բնակարան, որը նվեր է ստացել 2012 թվականին
Հունաստանում բնակարան՝ գնված 2020 թվականին։
Մելլաթ բանկից ստացած հիփոթեքային վարկով Գ․ Մինասյանը 2023-ին սկսել է առանձնատուն կառուցել։

1 ավտոտնակը և հասարակական նշանակության շինությունը, որի միայն 1/2 մասն էր պատկանում նախարարին, անցած տարի վաճառել է՝ 15․5 մլն և 240․2 մլն դրամով գործարարներ Արեն Դուրգարյանին և Հովհաննես Դուրգարյանին։

Մինասյանը 4 մլն դրամը գերազանցող 5 թանկարժեք գույք է հայտարարագրել՝

ձեռքի ժամացույցներ՝ 16 հազար և 22 հազար դոլար արժողությամբ,
արվեստի գործեր՝ 15 մլն դրամ, 15 հազար և 12 հազար դոլար արժողությամբ։
Այս ամենը նա նվեր է ստացել 2009 թվականին։

«Էյ Էմ» իրավաբանական ընկերությունում Գրիգոր Մինասյանը 60% բաժնեմասի սեփականատեր է, որը տարեվերջին արժեցել է 2 մլն 480,4 հազար դրամ:

Տարեվերջին նախարարի բանկային հաշիվներին եղել է 178․4 հազար եվրո, 480 հազար դոլար և 17․9 մլն դրամ։ Կանխիկ ունեցել է 15 մլն դրամ, 4000 եվրո և 20 հազար դոլար։

Մինասյանը հանգստի համար ծախսել է 2․3 մլն դրամ, 80 մլն դրամ էլ ծախսել է անշարժ գույքի վերանորոգման համար, ևս 2․5 մլն դրամ միանվագ ծախս է արել, որի նպատակը հայտարարագրում պաշտպանված է։

Մինասյանի կինը՝ Մարիա Ստեփանյանը, անշարժ գույք չունի, «Փրոֆ Թաքս» ՍՊԸ-ի 100 % սեփականատերն է։ Նա 90 օր և ավելի օգտագործում է իրեն չպատկանող CADILLAC մակնիշի ավտոմեքենա։

Նա «Էյ Էմ հարկեր և հաշվապահություն» ՍՊԸ-ում 8․6 մլն դրամի բաժնեմաս ունի։ Նրա բանկային հաշիվներին տարեվերջի դրությամբ եղել է 6700 դոլար, շուրջ 3 մլն դրամ և մոտ 180 հազար եվրո։

Իսկ կանխիկ ունեցել է 34․4 մլն դրամ և 40 հազար դոլար։

Արդարադատության նախարարի կնոջ եկամուտը 2023 թվականի ընթացքում կազմել է 48․4 մլն դրամ, որից

1․2 մլն դրամն աշխատավարձ է «Էյ Էմ» իրավաբանական ընկերությունից,
44․7 մլն դրամ շահաբաժին և 2․5 մլն դրամ աշխատավարձ՝ «Փրոֆ Թաքս» ընկերությունից։
Մարիա Ստեփանյանը 76 հազար դրամ ավանդ ունի։ Տարվա ընթացքում նա 15 մլն դրամ փոխառություն է վերցրել՝ անտոկոս։

Նա անշարժ գույքի վերանորոգման համար ծախսել է 30․6 մլն դրամ։ Նաև 2 մլն դրամը գերազանցող ծախսեր է արել՝ 12 մլն և 2․3 մլն դրամի չափով, որոնց բովանդակությունը, սակայն, չի նշվում։