• Mon. Jul 22nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Բռնի տեղահանված ո՞ր ընտանիքները կընդգրկվեն բնակապահովման ծրագրի առաջին փուլում

ByEditor

Jun 21, 2024

Հաստատվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ ըստ այդմ միջոցառման շրջանակում դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝

հունիսի 15-ից՝ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրման համար (դիմումի մուտքագրման հարթակի հղումը կհրապարակվի առաջիկայում).
հուլիսի 15-ից՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրման համար.
օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրի տրամադրման համար։
Միջոցառումն իրականացվում է 3 փուլով՝

Առաջին փուլում կարող են ընդգրկվել՝

3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն,
2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն,
զոհվածի կամ կերակրողին կորցրածի կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն կամ կառուցել այն,
գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, որի դեպքում աջակցությունը կուղղվի տվյալ հիփոթեքի մարմանը,
ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և բանկից կստանա աջակցության առնվազն 50%-ի չափով լրացուցիչ վարկ:
Երկրորդ փուլում կարող են ընդգրկվել՝

2 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են ձեռք բերել բնակարան կամ տուն,
1 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե ցանկանում են կառուցել տուն։
Երրորդ փուլում կարող են ընդգրկվել՝

ցանկացած կազմով ընտանիքներ, որոնք ընդգրկված չեն առաջին երկու փուլերում։
Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 2-ից 5 մլն դրամի շրջանակում։

Աջակցության չափը կազմում է՝

• 5 մլն դրամ, եթե բնակարանը կամ տունը ձեռք է բերվում/կառուցվում է ներդրումային առաջնահերթություն ունեցող հետևյալ քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (https://www.mlsa.am/blockpage/137, հավելված 1).

• 4 մլն դրամ, եթե տունը կամ բնակարանը ձեռք է բերվում/կառուցվում է հետևյալ ներդրումային առաջնահերթություն ունեցող քաղաքային և գյուղական բնակավայրերից որևէ մեկում (https://www.mlsa.am/blockpage/137, հավելված 2).

• 3 մլն դրամ, եթե բնակարանը կամ տունը ձեռք է բերվում/կառուցվում է վերոնշյալ անվանացանկերում չներառված բնակավայրերում (բացառություն կկազմեն Երևանի 1-ին և 2-րդ գոտիները).

• 2 մլն դրամ աջակցություն, եթե առկա է գործող հիփոթեք, բացառությամբ՝ Երևանի 1-ին և 2-րդ գոտիներում գտնվող գույքի։