• Sat. Jul 6th, 2024

kommersant.am

Just another WordPress site

5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի «խոշոր շահում» և կհարկվի

ByEditor

Jun 17, 2024

Հայաստանում խաղային կազմակերպիչը 5 մլն դրամից ավելի շահման դեպքում պետական բյուջե պետք է վճարի 10 տոկոս եկամտային հարկ:

Խաղային գործունեության կարգավորման մասին և կից ներկայացված օրենքների նախագծերն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

Սահմանվում է «խոշոր շահում» հասկացությունը, որ 5 մլն դրամը գերազանցող շահումն է: Առաջարկվում է 5 մլն դրամը գերազանցող շահման դեպքում սահմանել 10 տոկոս եկամտային հարկ:

ՊԵԿ նախագահը հիշեցրեց, որ խաղային ոլորտը հիմա էլ կարգավորված է, պատշաճ հարկման դաշտում է:

«Այս նախագծով մենք կարգավորում ենք բուն շահումների հարկումը, որոնք գործող Հարկային օրենսգրքով համարվում են նվազեցվող եկամուտ և չեն հարկվում»,- ասել է նա:

Առաջարկվում է, որ շահումով խաղի կազմակերպիչը շահումից պահի եկամտային հարկը և փոխանցի պետական բյուջե:

Ինչ վերաբերում է մնացած բոլոր շահումներին, ապա գործում է տարեկան կտրվածքով հաշվարկի մեթոդաբանություն:

«Այսինքն՝ տարվա ընթացքում կատարված բոլոր խաղադրույքների և ստացված շահումների դրական տարբերության առկայության դեպքում առաջարկում ենք, որ ֆիզիկական անձը տարեկան հայտարարագրով արտացոլի տվյալ դրական տարբերությունը և դրա նկատմամբ 5 տոկոս եկամտային հարկի դրույքաչափով վճարում կատարի պետական բյուջե»,- նշել է Բադասյանը:

Բաբկեն Թունյանն էլ ասել է, որ խոշոր շահումները հարկվելու են 10 տոկոս եկամտային հարկով, հարկային գործակալը հանդիսանալու է տվյալ ընկերությունը:

«Իսկ փոքր շահումները, որոնք տարվա ընթացքում կլինեն, և համապատասխան մարմինը կհաշվարկի զուտ շահումը, հարկվելու են 5 տոկոսով: Դրա վճարումը կատարելու է քաղաքացին իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելիս»,- ասել է նա։

Մինչև առաջարկվող կարգավորման ուժի մեջ մտնելը ուժի մեջ կմտնեն այլ կարգավորումներ ևս:

Նախագիծը ստացավ դրական եզրակացություն և կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: