• Sat. Jul 27th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՀՀ տնային տնտեսություններին տրամադրված վարկերի ծավալներն աննախադեպ աճ են գրանցել

ByEditor

Feb 11, 2024

Մեր վերլուծություններում տարբեր կողմերից անդարադարձել ենք ՀՀ բանկային համակարգին։ Նշել ենք բանկերի հսկայական դերակատարումը ՀՀ տնտեսությունում։ Սակայն, կա հարցի նաև մյուս կողմը։

Գաղտնիք չէ, որ ՀՀ քաղաքացիները հսկայական ծավալների վարկեր են վերցնում բանկերից։ Սակայն, մարդիկ այսքանով չեն սահմանափակվում և վարկեր ստանալու համար դիմում են նաև տարբեր վարկային կազմակերպություններին։

Նկատենք, որ վարկեր տրամադրելու պայմանները, որքանով էլ դրանք հիմնավորված և համապատասխան լինեն ՀՀ տնտեսությունում առկա իրավիճակին, չափազանց ծանր են ՀՀ տնային տնտեսությունների համար, որոնց անվանական աշխատավարձերը բավականին ցածր են։

 

Բացի այդ՝ վերցրած վարկերի համար մարդիկ վճարում են զգալի տոկոսներ։ Հասարակության մի հատված կարողանում է մի կերպ դուրս գալ վարկային ծանր բեռի տակից, իսկ մյուսները ընկնում են վարկերի փակ շրջան, երբ մի վարկը փակելու համար վերցնում են այլ վարկեր և այսպես շարունակ։

Այս առումով մեր հանրությունում շատ են դեպքերը, երբ ամանորյա տոների համար անհրաժեշտ ծախսերը հոգալու համար մարդիկ նորից դիմում են վարկերի օգնությանը։

ՀՀ ԿԲ-ի կողմից ներկայացված վիճակագրական տվյալները փաստում են, որ ՀՀ առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները միասին ՀՀ տնային տնտեսություններին տրամադրել են մեծ ծավալների վարկեր 2023թ-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին․

Վիճակագրական տվյալների համաձայն, միայն 2023թ-ի դեկտեմբերին ՀՀ տնային տնտեսություններին տրամադրվել է մոտ ֏2,6 տրլն-ի վարկ։ Վերջինս նախորդ ամսվա համեմատ աճել է 2%-ով։ Ընդ որում՝ 2022թ-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ տրամադրված վարկերի ծավալները ևս աճել են 2%-ով։ Նկատենք, որ դիտարկվող ողջ ժամանակահատվածում դեկտեմբեր ամիսը վարկերի ծավալներով թե՛ 2022, թե՛ 2023 թվականներին գերազանցել է մյուս ամիսները։

Հաշվարկները ցույց են տալիս, որ 2023թ-ի դեկտեմբերին տրամադրված վարկերի ծավալները  2022թ-ի նույն ամսվա համեմատ աճել են մոտ 19%-ով։

Տնային տնտեսություններին տրամադրված վարկերի ծավալները 2023թ-ի դեկտեմբերին համեմատած 2004թ-ի դեկտեմբերի հետ աճել են շուրջ 45 անգամ։