• Sat. May 11th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Գրանթ Թորնթոն Հայաստանի Կառավարման խորհուրդը նոր նախագահ ունի

ByEditor

Dec 24, 2023

Գրանթ Թորնթոն Հայաստանը 2023 թվականը ամփոփում է նոր նշանակումով. 2024 թ-ի հունվարի 1-ից Արմեն Հովհաննիսյանը զբաղեցնելու է Գրանթ Թորնթոն Հայաստանի Կառավարման խորհրդի նախագահի պաշտոնը: Պարոն Հովհաննիսյանը նոր պաշտոնում կփոխարինի Գագիկ Գյուլբուդաղյանին:

Գագիկ Գյուլբուդաղյանը երկար և բեղմնավոր ուղի է անցնել Գրանթ Թորնթոն Հայաստանի հետ՝ զբաղեցնելով ղեկավար պաշտոններ ավելի քան 25 տարի, այդ թվում՝ 6 տարի շարունակ հանդիսացել է նաև Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի Կառավարման խորհրդի անդամ:

«Պարոն Գյուլբուդաղյանի բարձր պրոֆեսիոնալիզմն ու նվիրվածությունը աշխատանքին մեծ դեր են ունեցել Գրանթ Թորնթոն Հայաստանի՝ որպես ոլորտի առանցքային դերակատարի, հաստատման գործում: Այսօր ես՝ ի դեմս մեր ընկերության ավելի քան 150 աշխատակիցների, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան մեր ընկերությանը երկար տարիների անմնացորդ նվիրումի ու անձնվեր աշխատանքի համար»,-մեկնաբանում է Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և ԱՊՀ տարածաշրջանային ղեկավար Գուրգեն Հակոբյանը:

Կառավարման խորհրդի նորանշանակ նախագահ Արմեն Հովհաննիսյանը ֆինանսական կազմակերպությունների աուդիտի և հաշվապահական հաշվառման ոլորտի առաջատար մասնագետներից է, որը 1998 թ-ից ղեկավարել է Գրանթ Թորնթոն Հայաստանի համապատասխան բաժինը՝ զբաղեցնելով նաև ֆինանսական տնօրենի պաշտոնը: Պարոն Հովհաննիսյանը Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի խորհրդի անդամ է: 2020 թ-ից ի վեր նա զբաղեցնում է «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը:

«Ուրախ եմ այս կարևոր պաշտոնում ողջունել պարոն Արմեն Հովհաննիսյանին, որը մեր ոլորտի փայլուն գործիչներից է և մեր ընկերության հիմնասյուներից: Նրա ռազմավարական տեսլականը և գերազանցության ձգտումը միանգամայն համահունչ են Գրանթ Թորնթոն Հայաստանի արժեքներին և նպատակներին: Վստահ եմ, որ պարոն Հովհաննիսյանի ղեկավարությամբ Գրանթ Թորնթոն Հայաստանի միասնական Կառավարման խորհուրդը կշարունակի կյանքի կոչել ավելի համարձակ նախագծեր և հավատարիմ կմնա իր հաճախորդներին բացառիկ ծառայություններ մատուցելու հանձնառությանը»,- հավելում է պարոն Հակոբյանը:

***
«Գրանթ Թորնթոն Հայաստանը» աուդիտորական, խորհրդատվական, հարկային և իրավաբանական ծառայություններ մատուցող 3 ընկերությունների միասնությունն է: Աուդիտորական ծառայությունները մատուցվում են «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ, խորհրդատվական ծառայությունները՝ «Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ՓԲԸ և հարկային, իրավաբանական ու հաշվապահական ծառայությունները՝ «Գրանթ Թորնթոն Լիգալ ընդ Թաքս» ՍՊԸ կողմից: